05/07/2019 14:02
Բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման հարցը, եթե հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ. ԱԳ նախարար (Տեսանյութ)
Հայաստանի իշխանությունների կարևորագույն նպատակներից է՝ ապահովել Արցախի իշխանությունների խորքային զգացումը և ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, հուլիսի 4-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ծրագրերով է եկել Արցախ։
Նրա խոսքով, խաղաղ կարգավորման գործընթացը, խորհրդակցությունները և հանդիպումները շարունակական բնույթ են կրում, և այդ առումով Հայաստանը` որպես այս գործընթացի մասնակից, երբևէ չի հապաղել և չի դանդաղեցրել այս գործընթացը։
«Դա ի ցույց է դնում մեր լրջությունը խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ», - ասել է նա:
Անդրադառնալով վերջերս Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը՝ նախարարը նկատել է, որ դա շարունակական գործընթաց է, ու այս փուլում անհրաժեշտ է երկխոսության մեջ լինել Արցախի իշխանությունների հետ, Արցախի նախագահի հետ:
«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ առանձնահատուկ շեշտել՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում մեզ համար եղել և մնում է մեկ կարևորագույն գերխնդիր՝ Արցախի բնակչության Էքզիստենցիալ անվտանգությունը, որից բխում է Արցախի կարգավիճակի հարցը։ Արցախում բնակվող 150 հազար մեր հայրենակիցներն այսօր հանդիսանում են մեր ողջ հայության ինքնության պահապանը` հաշվի առնելով այդ էքզիստենցիալ վտանգը։ Որևէ հայ աշխարհի ցանկացած կետում չի կարող խուսափել այն խորագույն վնասից, ինքնությանը հասցված վնասից, եթե մենք ունենանք Արցախում բնակվող մեր հայրենակիցների էքզիեստենցիալ անվտանգության որևէ վտանգ», - ասել է նախարարը:
Հարցին՝ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման թեման օրակարգու՞մ է մնում, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է, որ Հայաստանի իշխանությունների համար դա օրակարգային հարց է, որը առաջ է քաշել հենց այս իշխանությունը։
«Հասկանում եք, եթե հարցը հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ: Սա օրակարգային հարց է, որը կանոնավոր, հետևողականորեն հետապնդվում է, որովհետև մենք ունենք գերակա խնդիր. սա պրակտիկ խնդիր է, սա պրագմատիկ մոտեցում է, որ, եթե մենք լիարժեք և արդյունավետ բանակցային, խաղաղ կարգավորման գործընթացի մասին ենք խոսում և մտածում հաշվի չառնել այս կարևորագույն գործոնը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությանը և այս գործընթացում սեփականության զգացումի ամրապնդմանը, պրակտիկ առումով մենք վնաս ենք հասցնում խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ աշխատանքին։ Դուք հիշում եք նաև, որ մենք Ստեփանակերտում ունեցել ենք Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ նույնպես բոլորս միասին ընդարձակ խոսել ենք այս հարցի մասին և արտահայտել, որ մենք սա երբևէ առաջ չենք բերի որպես նախապայման, բայց մենք չենք կարող հաշվի չառնել, որ սա կոնկրետ հարց է, որն արհամարհելն անհնար է», - ավելացրել է Մնացականյանը։
Լրագրողը նշել է, որ Բակո Սահակյանի հետ հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ ու հետաքրքրվել՝ ի՞նչ հարցեր են քննարկվել։ Ի պատասխան ԱԳ նախարարը նախ նշել է, թե չի էլ նկատել, թե ինչպես է անցել այդ երեք ժամն ու ավելացրել.
«Դա ցույց է տալիս մեր երկխոսության լրջությունը, այն, որ մենք լիովին ներգրավված ենք փոխադարձ ծանուցման, խորհրդակցությունների և համատեղ աշխատանքի գործընթացում: Սա համատեղ հարց է, մեր ընդհանուր հարցն է: Եվ դա արտահայտում է այն մտադրությունը, որի մասին մենք հիմա խոսում ենք, մտադրությունը` ապահովելու խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ներգրավվածությունը, ամրապնդելու Արցախի իշխանությունների մոտ սեփականության զգացումը: Ես չէի նկատել, թե ինչպես անցան այդ ժամերը, և դա արտահայտում է հենց այն, որ մենք բավական ինտեսիվ, համընդգրկուն խորհրդակցություններ ենք անցկացրել: Մենք փորձեցինք անդրադառնալ հարցերի ողջ շրջանակին, քանի որ, ինչպես ասացի, ինձ համար շատ կարևոր նպատակ ունեմ՝ ապահովելու ճիշտ ընկալումը, սեփականության ճիշտ զգացումը: Մենք խոսեցինք դրա մասին և մենք դա արտահայտում ենք նաև գործով»: