05/07/2019 12:11
Գերակա նպատակը՝ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության ամրապնդումն է
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:
Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով կանոնավոր հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու, գնահատելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա փուլը և ուղենշելու հետագա քայլերը:
«Սա արտահայտում է մեր գերակա նպատակը. Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության ամրապնդումը, որի ապահովումն առաջին օրվանից եղել է մեր նպատակը։ Սա շատ պրակտիկ, պրագմատիկ նպատակ է, որովհետև եթե մենք իրապես ցանկանում ենք խաղաղ կարգավորման մեջ գործնական շարժում, այս հիմնախնդրի հիմնական սուբյեկտի ներգրավվածությունը մնում է կարևոր», - նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցերի։ Երկուստեք ընդգծվել է խաղաղ գործընթացի առաջմղման համար նպաստավոր մթնոլորտի ձևավորման ուղղությամբ իրական քայլերի ձեռնարկումը։
Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը անդրադարձել են տարբեր ոլորտներում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցությանը և միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկմանը։
Կողմերը նաև ստորագրել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: