05/07/2019 12:22
Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կարող է տեղի ունենալ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի պայմաններում. Փորձագետ
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նվազագույն աշխատավարձի բարձրացմանը:
«Լավագույն սցենարով նվազագույն աշխատավարձը կբարձրանա 13000 դրամով (68000 դրամ, կառավարության առաջարկը): ԱԺ-ի նախնական ելակետային առաջարկով այն պետք է բարձրանա 8000 դրամով (63000 դրամ):
Լավագույն սցենարի ընդունման պարագայում նվազագույն աշխատավարձի աճը կկազմի մոտավորապես 7.1 տոկոս: Մյուս տարբերակի դեպքում աճը կկազմի 4.4 տոկոս:
Հիմք ընդունենք, որ կհաստատվի լավագույն սցենարը՝ կունենանք 68000 դրամանոց նվազագույն աշխատավարձ:
Իհարկե դրական է, որ նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացվում է: Սակայն այստեղ կարելի է երկու կետ առանձնանցել.
Առաջին: Նվազագույն աշխատավաձի բարձրացումը գլոբալ դրական ազդեցություն կունենա սպառողի գնողունակության վրա, եթե այդ բարձրացումից ելնելով մեծացվի նաև բազային աշխատավարձի չափը, ընդ որում, պարտադիր ունենալով հստակ մեխանիզմներ, որը թույլ կտա այդ պարագայում պրոյեկտում չունենալ միջինից բարձր աշխատավարձերի վրա, այդ թվում՝ պաշտոնյաների: Այս պահի դրությամբ այդ խնդրի մասին խոսել է նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագծի համահեղինակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Բաբկեն Թունյանը: Հուսանք, որ մեխանիզմները կգտնվեն: Հակառակ պարագայում, զուտ նվազագույն աշխատավարձի բարձրացումով շատ փոքր դրական ազդեցություն կապահովվի բացառապես այն մարդկանց բյուջեի վրա, ովքեր վարձատրվում են նվազագույն աշխատավարձի չափով:
Երկրորդ: Աշխատավարձերի աճի ազդեցության գնահատականները պետք է համեմատելի լինեն տնտեսությունում առկա գնաճի հետ: Եթե վերջինս գերազանցում է աշխատավարձի աճի չափը, ապա արդյունքը միայն ֆոնային, տրամադրությունների տրամաբանության մեջ պետք է փնտրել:
Այսպես 2019թ. մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատությամբ սպառողական գները սննդամթերքի համար աճել են 5.5%-ով:
Սակայն այստեղ կարևորվում է մասնավորապես առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի չափը. հացի գնի աճը կազմել է 5.4%, կարտոֆիլինը՝ 38.6%, ձվինը՝ 26.9% թռչնամսինը՝ 13.6%, բանջարեղենինը՝ 22%, ալյուրինը՝ մոտ 10%,կարագի, բուսական ու կենդանական յուղի և ճարպային հիմքով այլ ապրանքներինը՝ 13% և այլն։
Հետևությունները թողնում եմ ձեզ...»: