08/07/2019 10:33
Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի կարողանանք խուսափել այսպիսի դժբախտ դեպքերից. ԱԻ նախարար
Փրկարարը ժամանակին հասել է դեպքի վայր, ոչ մի րոպե ուշացում չի եղել, կանչ ստանալուց հետո ընդամենը 4-5 րոպե անց տեղում են եղել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Արարատ-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարին։
«Բայց, ցավոք, չեն կարողացել... հրդեհը շատ արագ է արել իր գործը։ Ինչ վերաբերում է վարկածներին, ապա դրանք ընդամենը վարկածներ են, պատճառները չեմ կարող ասել, ոստիկանությունը աշխատանքներ է իրականացնում», - ասաց նախարարը։
Նա նշեց, թե այնպիսի վարկած կա, որ Toyota մակնիշի ավտոմեքենան դիմացից խփել է «Գազելին», որից հետո հետևից եկող ВАЗ 2106 մակնիշի մեքենան այն կողմից է հարվածել, ինչի հետևանքով էլ գազի արտահոսք է եղել և բռնկում տեղի ունեցել։
Ցոլակյանի խոսքով՝ հետևություններ պետք է արվեն։
«Մի քանի անգամ ասել են, որ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովված կլինեն կրակմարիչներով, որը պետք էր օգտագործել հենց առաջին պահին։ Խնդիր կա նաև, թե ինչ վառելիք օգտագործեն մարդատար տրանսպորտային միջոցները. երևի ճիշտ կլիներ, որ օգտագործեին ոչ թե գազ, այլ՝ դիզել։ Դիզելն այդպիսի բռնկում չէր առաջացնի», - ասաց նախարարը։
Նա չբացառեց, որ հանդես կգան նաև օրենսդրական նախաձեռնությամբ.
«Պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի կարողանանք խուսափել այսպիսի դժբախտ դեպքերից»։