08/07/2019 15:18
ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարեց «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը, տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
Սահմանված չափով գումարը վճարելուց և դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո Արսեն Դավթյանը կազատվի կալանքից:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ:
Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Փոխնախարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։