09/07/2019 18:53
Քիմ Քարդաշյանը կարող է բավականին լուրջ դերակատարում ունենալ Ցեղասպանության ճանաչման հարցում. քաղաքագետ
Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիրի և հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի համատեղ նախաձեռնությունը՝ հասնել Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, բավականին իրատեսական է։ Պատճառը պատեհ պահն է՝ հաշվի առնելով, որ ռուսական զենքի գնման և Մերձավոր Արևելքում վարած քաղաքականության պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջերս իրենց լավագույն օրերը չեն ապրում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Թեման շատ արդիական է։ Ջեքի Սփիրը հայտնի է հայամետ նախաձեռնություններով և հայամետ նախաձեռնություններին միանալու իր պատրաստակամությամբ։ Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին, ապա ԱՄՆ վարչակարգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նրա համար կարևոր նշանակություն ունի։ Քարդաշյանը դրանով ցանկանում է հարգանքի տուրք մատուցել հորը», - ասաց մեր զրուցակիցն՝ ուշադրություն հրավիրելով հեռուստաաստղի այն խոսքերի վրա, որ հայրը կհպարտանար իր այս նախաձեռնությամբ։
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Քիմ Քարդաշյանը, լինելով բավականին հայտնի և ազդեցիկ անձնավորություն ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում, սերտ կապեր ունի ԱՄՆ նախագահի հետ, բավական հաճախ հյուրընկալվում է Սպիտակ տանը։
«Նրանք կապեր ունեն միմյանց հետ, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը։ Ամուսինները կապեր ունեն նաև Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների հետ։ Միաժամանակ, Միացյալ Նահանգներում նաև նախընտրական տարի է, և 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Թրամփը պատրաստ է անել ամեն ինչ՝ վերընտրվելու համար։ Եթե նա ամերիկահայ համայնքին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում տա, կշահի համայնքի ձայները, որոնք էլ կարող են վճռորոշ լինել վերընտրվելու հարցում», - նկատեց քաղաքագետը՝ կրկին շեշտելով, որ Քիմ Քարդաշյանը կարող է բավականին լուրջ դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։
Նշենք, որ ըստ WSJ-ի՝ Քիմ Քարդաշյանը ցանկանում է ուշադրությունը կենտրոնացնել Ցեղասպանության հարցի վրա ու վերջերս հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշներին՝ խնդրելով քննարկել հարցը։
«Ես ցանկանում եմ այն (Ցեղասպանության ճանաչումը) դարձնել իմ առաքելությունը։ Հայրիկս շատ կհպարտանար», - ասել է հայազգի հեռուստաաստղը։
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Քիմ Քարդաշյանին է զանգահարել կոնգրեսական Ջեքի Սփիրը՝ ակնկալելով այս հարցում Քարդաշյան-Ուեսթի աջակցությունը։