09/07/2019 17:28
Ինչ աջակցություն ունեն երկրի նախագահը, վարչապետը և եկեղեցին, ըստ IRI հարցման
Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) Հայաստանում մայիս ամսին հանրային կարծիքի
ուսումնասիրություն է անցկացրել` պարզելու համար հանրային տրամադրությունները պետական ինստիտուտների, եկեղեցու, կառավարության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ։ Հարցման արդյունքները հրապարակվել են հուլիսի 8-ին` կազմակերպության կայքում։
Մասնավորապես պետական ինստիտուտների, ներառյալ եկեղեցու, նկատմամբ վստահության ցուցանիշերը հետաքրքիր պատկեր են արձանագրել։
Նախագահի ինստիտուտի նկատմամբ վստահություն է տածում 81%, իսկ անվստահություն` 13%:
Երկրորդ տեղում է բանակը` 80% և 15% հարաբերակցությամբ։
Երրորդում վարչապետն է՝ 72% վստահությամբ ու 24% անվստահությամբ։ Վարչապետից անմիջապես հետո չորրորդ տեղում է Հայ Առաքելական Եկեղեցին` 71% վստահությամբ ու 23% անվստահության ցուցանիշերով։
Հետաքրքիր է, որ այս հարաբերակցությունը զգալիորեն փոխվել է նախորդ նոյեմբերից ի վեր։ Վարչապետի ինստիտուտի նկատմամբ վստահությունը անկում է ապրել 13 տոկոսային կետով` հասնելով 72 տոկոսի։
Բանակի դիրքերը մնացել են գրեթե անփոփոխ` 81%։ Նախագահն, ի տարբերություն մյուսների, բարելավել է հանրային վստահության առումով իր դիրքերը 3 տոկոսային կետով։
Ամենազգալի առաջընթացը գրանցել է Եկեղեցին` 11 տոկոսով աճել է հանրային վստահության մակարդակը, իսկ անվստահությունը իջել է 14 տոկոսով։
Թափանցիկության առումով վարչապետը ուներ 74% աջակցություն նախորդ նոյեմբերին, 65% նախագահը, և 56 տոկոս եկեղեցին։ Նոր հարցման արդյունքներով, վարչապետի դիրքերը մնացել են գրեթե անփոփոխ` 72%, նախագահը կրկին բարելավել է դիրքերը` ընդհանուր առմամբ 80% թափանցիկության ընկալմամբ, իսկ եկեղեցու բաց ու թափանցիկությունը դրական են գնահատել հարցվածների 66 տոկոսը` 10 տոկոսով ավելի, քան նոյեմբերին։
Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։