09/07/2019 14:55
ՀՔԾ-ից չեն մեկնաբանում՝ Աղվան Հովսեփյանը հարցաքննվե՞լ է Մարտի մեկի գործով, թե՞ ոչ
Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ Մարտի մեկի գործով օրերս հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
«Հարցաքննությունների հետ կապված մեկնաբանություններ չենք տալիս, բացարձակ որևէ մեկի մասով մեկնաբանություն չի տրվել՝ արդյոք ճի՞շտ է, սխա՞լ է։ Տեղեկատվություն տրամադրել չենք կարող», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օհանջանյանը։
Նշենք, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազն էր և հենց նրա ենթակայությամբ էր գործում այն քննչական խումբը, որը զբաղվում էր տասը զոհերի մահվան հանգամանքների ու գործի մանրամասների բացահայտումով։