09/07/2019 17:02
Ապօրինի անտառահատումը քրեականացնող նախագիծը խորհրդարանը ընդունեց առաջին ընթերցմամբ
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը, որը խստացնում է ապօրինի անտահառահատումների պատժաչափերը։
Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանին ներկայացնելիս Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել էր, որ քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ էականորեն խստացվել են ապօրինի անտառհատումների հետ կապված պատժաչափերը, ինչպես նաև ներմուծվել են նոր կարգավորումներ։
Մասնավորապես, ըստ նախարարի, Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածում ներմուծվել է ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու հոդվածը, ինչպես նաև համայնքային սեփականություն համարվող անտառների հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում վարչական տույժից հետո քրեական պատասխանատվության ենթադրելու վերաբերյալ կարգավորումները։
Էրիկ Գրիգորյանը նաև շեշտել էր, որ փոփոխություն է կատարվել Կովկասյան ընձառյուծի որսի համար նախատեսված գումարի մասով, որը 3 մլն դրամ տուգանքից փոխվել է 100 մլն դրամ տուգանքի։