09/07/2019 09:36
Չպետք է լղոզվի բանակցություններին Արցախի լիարժեք վերադառնալու հարցը. Վերլուծաբան
Զոհրաբ Մնացականյանի՝ Արցախ կատարած այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի, ԱԳ նախարարի, ԱԺ խոսնակի և Արցախյան թեմի առաջնորդի հետ:
Պետք է արձանագրել, որ ոչ միայն հանդիպումների փաստն է ողջունելի, այլ նաև դրանց տևողությունը, ինչից կարելի է եզրակացնել, որ բովանադակային քննարկումներ են եղել, Aysor.am-ի հետ զրույցում, ամփոփելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցն Արցախ, ասաց վերլուծաբան Ռոզի Միքայելյանը:
«Պետք է փաստել, որ փորձ է արվում Հայաստանի և Արցախի միջև խորհրդատվությունները նոր մակարդակի բարձրացնել, որն ինքնին, ողջունելի է: Հատկապես կարևոր էր այն թեզի շրջանառումը, որ այո, Արցախը պետք է իրեն տեր զգա այս գործընթացներում:
Հանդիպումներն ու դրանց բովանդակությունն, իհարկե, կարևոր են: Սակայն այս ամենը հայտարարությունների մակարդակում թողնելը զրոյացնում է գործընթացի կարևորությունը: Անհրաժեշտ է հետևողական աշխատանք: Քիչ չեն եղել դեպքերը, երբ մի օր մի բան են հայտարարում, մյուս օրը՝ դրան հակասող մեկ այլ բան: Եթե այսօր խոսում ենք գործընթացում Արցախի՝ տեր լինելու մասին, իսկ վաղը հայտարարենք մի այնպիսի բան, որով կվնասենք Արցախի սուբյեկտայնությանը, ապա դա արդեն լուրջ չի դիտվի թե՛ ներսում, թե՛ դրսում» - ասաց վերլուծաբան Ռոզի Միքայելյանը՝ հավելելով, որ այս թեզը պահանջում է բոլոր ռիսկերը հաշվարկած աշխատանք:
Ինչ վերաբերում է Ադրբեջանից հայ փախստականների միության ներկայացուցիչների հետ Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպմանը, ապա Միքայելյանը նշեց.
«Փաստն, ինքնին, գոնե թվացյալ վատը չի, բայց այստեղ երկակիության ինչ-որ տարրեր են երևում: Եթե խնդիրն այն է, որ առկա գործընթացներում մենք ներգրավում ենք Արցախը և Ադրբեջանից հայ փախստականներին, իսկ Ադրբեջանը՝ ինչպես իրենք են ասում «Ղարաբաղի ադրբեջանական համայնք»-ին, ապա ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց սա որևէ կերպ չպետք է լղոզի բանակցություններին Արցախի լիարժեք վերադառնալու հարցը»:
Վերլուծաբանի խոսքով՝ լավ է, որ Արցախում հանդիպել են Ադրբեջանից հայ փախստականների հետ, բայց անհրաժեշտ է արտագնա այցերի ընթացքում հայ համայնքների հետ հանդիպումների ժամանակ հատուկ ուշադրության արժանացնել նաև Ադրբեջանից հայ գաղթականների խնդիրներին:
«Եթե նմանատիպ մոտեցում ենք որդեգրում շատ լավ է: Բայց, թերևս, կրկնվեմ ու ևս մեկ անգամ ասեմ. բոլոր հայտարարություններին պետք է հետևի հետևողական աշխատանքը: Պետք է հաշվարկել բոլոր ռիսկերը: Պետք է համաձայնեցված աշխատել, որպեսզի տարբեր գերատեսչություններ կամ պաշտոնյաներ իրար հակասող, իրավիճակն ապակայունացնող կամ ընկալումները խաթարող հայտարարություններ չանեն», - ասաց Միքայելյանը:
Նա նաև բարձր է գնահատում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի կողմից հնչեցված այն թեզը, համաձայն որի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում նա մատնանշել է Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների հատվածները: