10/07/2019 11:47
11 դատավոր ցանկություն է հայտնել մասնակցել ԲԴԽ անդամի թափուր տեղերի ընտրությանը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հունիսի 27-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ ընտրվելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի թվով 77 դատավորին:
Առաջին ատյանի դատարաններից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների 66 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է 11 դատավորի անուն։
Նրանց թվում են հայտնի դատավորներ՝ Մեսրոպ Մակյանը, Ռուբեն Վարդազարյանը, Դավիթ Բալայանը և ուրիշներ։
Նկատենք, որ այս թեկնածուներից Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրի ԲԴԽ 3 անդամ։ Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա հուլիսի 11-ին։