10/07/2019 10:32
Ագարակի պղնձամոլիբդենային գործարանում կատարվածի դեպքով քրեական գործ է հարուցվել. ԱԺ պատգամավոր
Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի 1000-ից ավելի աշխատակից երկար ժամանակ է, ինչ գործադուլ է հայտարարել։ Աշխատողների մեծ մասը Ագարակի ու Մեղրու բնակիչ է։
«Բնակիչները գտնում են, որ կոպտորեն խախտվել են իրենց աշխատանքային իրավունքները, սոցիալական խնդիրներ են առաջ բերում։ Կառավարությանն առաջարկում եմ հրատապ միջոցներ ձեռնարկել, ուշադրության կենտրոնում պահել խնդիրը», - այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ագարակցիների խնդիրը բարձրացնելիս հայտարարեց ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ վաղը պատրաստվում է մեկնել Մեղրի և մոտիկից ծանոթանալ խնդրին, փորձել լուծում տալ դրանց։
Իր հերթին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի ղեկավարությունը խախտել է աշխատողների իրավունքները, աշխատեցրել լրացուցիչ, բայց դրա դիմաց չի վճարել։ Ավելին, պատգամավորի խոսքով, գործարանի շահագործման հետևանքով հարակից տներին մեծ վնասներ են հասցվել։
«Ես խնդրին ծանոթ եմ նաև որպես տարածքից ընտրված պատգամավոր։ Այո, Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի շահագործման պատճառով բնակիչների հարակից տները հսկայական վնաս են կրել և որևէ կերպ չի փոխհատուցվել։ Բացի այդ, մարդկանց շահագործել են աշխատաժամանակից դուրս և որևէ ձև չեն վարձատրվել։ Իմ դիմումի համաձայն, գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել։
Քրգործը ուղարկված է Հատուկ քննչական ծառայություն։ Այս տարածքից ընտրված պատգամավորներով պետք է հետամուտ լինենք, որ խնդիրը լուծվի, որովհետև Հայաստանում վաղուց անցել են ստրկատիրական ինկվիզիցիայի ժամանակները», - հայտարարեց Զոհրաբյանը։