11/07/2019 12:12
Տեսչական մարմիններին ծառայողական մեքենաներ չտրվեցին. Վարչապետը հարցը հանեց օրակարգից (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ տրամադրելու հարցը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ ֆինանսների նախարարությունից 7 ավտոմեքենա ամրակցվում է առողջապահության տեսչական մարմնին, իսկ մեկ այլ որոշմամբ էլ՝ 73 մեքենա ամրագրվում է բոլոր տեսչական մարմիններին:
Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ այդ 73 ավտոմեքենան այս պահին օգտագործվում են տեսչական մարմինների կողմից:
«Այս որոշմամբ մենք ընդամենը կատարում ենք 2005 թվականի կառավարության որոշման պահանջը, ըստ որի՝ կառավարությունը պետք է հաստատի բոլոր մարմիններում ծառայողական ավտոմեքենաների առավելագույն թիվը», - ասաց նա:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ խոսքը չի գնում վարչութան պետերին մեքենաներ ամրակցելու մասին, խոսքը վերաբերում է վարչություններին տրամադրելուն:
«Դա նորմալ է՝ հաշվի առնելով, որ նրանք օրական որոշակի քանակի կանչեր են ունենում», - ասաց Աղաջանյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ այս հարցը պետք է մանրամասն քննարկել, որպեսզի իրենք իրենց արած հայտարարությունների հետ ունենան 100 տոկոս համապատասխանություն:
«Եկեք հարցը հանենք օրակարգից», - ասաց նա: