11/07/2019 11:56
2019-ին 2203 ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրանցվել է 169 զոհ, 3212 վիրավոր. Օսիպյան (Տեսանյութեր)
Կառավարության ասյօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, մասնավորապես, ավտովթարներին, որոնց հետևանքով զոհեր եղան:
«Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է», - ասաց նա:
Վարչապետն ընդգծեց՝ նախագիծն Ազգային ժողովում է ու պետք է քննարկել հնարավորինս շուտ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոստիկանությունը պետք է ամենակոշտ միջոցները ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ ու որևէ հանդուժողականություն չպետք է ցուցաբերել:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց՝ բոլոր դեպքերով ոստիկանությունը ուսումնասիրություններ է իրականացնում:
Անդրադառնալով Զոդի կամրջի վրա տեղի ունենցած ողբերգական դեպքին՝ Օսիպյանն ասաց, որ կամրջի վրա անթույլատրելի է վազանց կատարել:
«Ես վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ անում ենք, ճիշտ է, ասում եմ ամեն ինչ անում ենք, բայց չեմ բացառում, որ գործառույթների մեջ կան թերացումներ», - ասաց նա՝ ավելացնելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարները վերջին տասը տարում շարունակում են աճել:
«Օրինակ՝ 2018 թվականի ապրիլի 10-ի դրությամբ՝ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ 2736 վիրավոր, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, 169 զոհ, 3212 վիրավոր», - ներկայացրեց Օսիպյանը:
Նա ասաց, որ Հայաստան մեքենաների աննախադեպ հոսք կա:
«Ավտոպարկի շարունակական աճ կա. 2017-ին ներկրվել է 38 հազար տրանսպորտային միջոց, 2018-ին՝ 73 հազար 562, իսկ 2019 թվականի վեց ամիսներին արդեն ունենք 54 հազար 216 տրասնպորտային միջոց», - ասաց Օսիպյանը:
Վարչապետն արձագանքեց, որ պետք է ունենալ հստակ պատկերացում՝ ինչպես են լուծելու այց հարցերը:
«Իմ համոզմունքն այն է, որ տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում, եթե բերում է, ընդամենը տեղային էֆեկտի», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հանձնարարեց շարունակել ուժեղացված ծառայությունը ճանապարհներին, հայտանբերել ոչ սթափ վարորդներին, հայտնաբերել գերբեռնված մեքենաները:
ՀՀ փոխավարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե ժամանակն է, որ տեխզննման ու ԱՊՊԱ-ի գործընթացը սինխրոնիզացնել:
«Կարծում եմ՝ դա ամենաարդյունավետ լուծումը կլինի, ի վերջո, այն մեքենան, որը չունի նորմալ տեխնիկական վիճակ, պետք է ապահովագրություն չստանա, կոչ եմ անում հանձնարարական տալ», - ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր եկավ առաջարկը:
Նա ՀՀ տարածքաին կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարեց Կենտրոնական բանկի նախագահի հետ քննարկել Մհեր Գրիգորյանի առաջարկը:
Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ առաջարկն արդեն իսկ ֆիքսված է կառավարության ծրագրում:
«Կարծում եմ՝ նոր հանձնարարականի կարիք չկա, ուղղակի առավել մանրամասն պետք է ուսումնասիրել ու հասկանալ՝ ապահովագրական ընկերությունների վրա այս պարտավորությունը դնելով՝ արդյոք ռիսկեր չեն լինի, մասնավորապես, կոռուպցիոն ռիսկեր», - ասաց նախարարը: