11/07/2019 14:19
Սևանի մաքրման համար պետությունը նախկինում գումարը տրամադրել է, բայց ամբողջական մաքրումներ չեն կատարվել. Նախարարը՝ անելիքների մասին
Սևանա լճի կանաչելու աստիճանը զգալիորեն նվազել է, ջրի մակարդակը նախորդ տարվա համեմատ 1 սմ-ով բարձր է, լճի մաքրման համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով լրացուցիչ գումար կհատկացվի, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախորդ տարվա համեմատ այս տարի 25 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է վերցվել Սևանա լճից։
Ավելին՝ 5մլն խմ ջուր էլ Արփա-Սևանի միջոցով թափվել է Սևանա լիճ։
«Սպասում ենք, որ այս թիվը կավելանա», - ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով լճի մաքրման աշխատանքներին՝ նախարարը տեղեկացրեց, որ առաջիկա երկու տարիների ընթացքում 770 հա տարածք է մաքրվելու։
Մինչ կատարվելիք աշխատանքներին անդրադառնալը, պաշտոնյան ներկայացրեց նախորդ կառավարության տարիներին ծրագրված աշխատանքները, որոնք ինչպես պարզվել է փաստաթղթերի ուսումնասիրությունից, չեն կատարվել։
Նա ցուցադրեց 2012 թվականի տեսչական ստուգման մի արձանագրություն, որի համաձայն Սևանա լճի շուրջ 700 հա տարածքում մաքրում չի իրականացվել, ինչպես ծրագրված է եղել։
«Բազմաթիվ տեղեր նշված է, որ մաքրում չի կատարվել, կոճղերը մնացել են ջրի մեջ ամբողջ ծավալներով։ Այս ամենը 700 հա է կազմում։ Այսինքն՝ տարբեր տարիներին, տարբեր պայմանագրերով մաքրում պետք է իրականացվեր, սակայն չի արվել։ Օրինակ՝ Վարդենիսի մասնաճյուղում 30 տոկոսով աշխատանքներ են կատարվել, բայց կոճղերը չեն հեռացվել, ամբողջը մնացել են ջրի մեջ, Արտանիշում զգալի տարածքներ էլի ջրի մեջ են մնացել։ Այսինքն՝ պետությունը տարբեր տարիներին գումարներ է հատկացրել Սևանում այս մաքրումներն իրականացնելու համար, բայց մի դեպքում կտրվել, փայտանյութը հանվել է, իսկ կոճղը մնացել ջրում», - ներկայացրեց նախարար Գրիգորյանը։
2015-2017 թվականի մաքրման բոլոր աշխատտտանքների վերաբերյալ ուսումնասիրությունը՝ նախահաշիվներ, հանձնման, ընդունման ակտեր և այլն, հավաքագրվել ու տրվել է Գլխավոր դատախազությանը։
Անդրադառնալով լճում այս պահին իրականացվող գործողություններին՝ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ առաջին հերթին լճից ջուր բաց չի թողնվում, կատավել են մաքրման կայանների ուսումնասիրություններ։
«Երեք՝ Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում կան մեխանիկական մաքրման կայաններ, մենք ուսումնասիրություններ ենք կատարել՝ վերցնելով տվյալներ և՛ «Վեոլիա ջուր» ընկերությունից, և՛ արտադրողներից, ու երեք մաքրման կայանների վերաբերյալ կառավարությանը ներկայացրել ենք գնառաջարկ, թե այդ երեք քաղաքներում կենսաբանական մաքրման կայաններ տեղադրելու համար ինչ գումար կպահանջվի։ Հենց այս պահին իրականացվում են գետերի մաքրման ուսումնասիրություններ, որովհետև վարչապետի աշխատակազմի հետ ունենք համաձայնություն, որ կհաշվարկվի, թե այդ ծախսերն ինչքան կլինեն։ Դրանից հետո նույնպես կդիմենք, որ այդ գումարները ստանանք», - ասաց Էրիկ Գրիգորյանը։
Նախարարի ներկայացմամբ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում մաքրման կայան կառուցելու համար անհրաժեշտ է 888 մլն դրամ, Գավառում՝ 1 մլրդ 186 մլն դրամ։
Հարցին՝ իրատեսակա՞ն է, որ այդքան գումար կտրամադրվի, Գրիգորյանը պատասխանեց.
«Խոսքն այն մասին է, որ մենք ուսումնասիրել ենք՝ ինչ տարբերակներ կան իրավիճակից դուրս գալու համար, մենք ներկայացրել ենք այս տարբերակը։ Այժմ էլ մենք առաջարկներ ստանում ենք ոչ միայն Հայաստանից, այլ նաև Ռուսաստանից, այլ երկրներից»։
Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, այսօր Սևանա լճում ստեղծված իրավիճակը երկար տարիների ոչ ճիշտ կառավարման արդյունք է։
«Եթե մենք այս պահին ջուր չվերցնենք Սևանից, աղտոտման աղբյուրները չավելացնենք, միևնույն է՝ բացարձակապես բավարար չէ։ Պետք է հստակ գործողություններ իրականացվեն, քանի որ արդեն իսկ հավասարակշռությունը խախտված է, սառը շերտը վնասված է ու այդ ամենը պետք է վերականգնվի։ Սևանի հետ կատարվող աշխատանքների ռեժիմն արտակարգ բնույթի պետք է լինի», - հայտարարեց նախարարը։