11/07/2019 13:33
Ֆինանսների նախարարը չհստակեցրեց, թե որքան գումար անհրաժեշտ կլինի նվազագույն աշխատավարձերը բարձրացնելու համար
Կառավարության նիստից հետո այսօր լրագրողները ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեցին, թե կան խոսակություններ, որ շուրջ 69 մլրդ դրամ լրացուցիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի բարձրացվի նվազագույն աշխատավարձը։
«Այդ հարցի պատասխանը էական կախվածություն ունի նրանից, թե ինչ բովանդակությամբ կընդունվի օրենքը, այսինքն՝ ինչպիսին կլինի փոփոխությունը։ Եթե հիշում եք, կառավարության նիստում քննարկման ժամանակ, և մինչ այդ էլ հեղինակներն էլ բարձրաձայնել են՝ չի ենթադրում, որ սա ազդելու է պետական պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի վրա», - ասաց նախարարը։
Նա նշեց, որ խոսքը վերաբերում է այնպիսի կարգավորումներին, որը կազդի միայն նվազագույն աշխատավարձ ստացողների վրա։
Հետևաբար, ըստ Ջանջուղազյանի, այդ 69 մլրդ գումարը անհրաժեշտ կլիներ այն ժամանակ, եթե ուղղակի մեխանիկորեն փոխվեր այդ նվազագույն աշխատավարձը։
«Բայց այդպիսի մտադրություն չկա։ Իսկ թե ինչպիսի լրացուցիչ միջոցների կարիք կառաջանա, դա կախված կլինի արդեն ընդունվող օրենքից», - նշեց նախարարը։