12/07/2019 13:08
Անհասկանալի է՝ Տավարացյանի ներկայացրած հաժարականի դիմումը մնացել էր անհետևանք. Վլադիմիր Վարդանյան
Այն մտահոգությունները, որոնք հնչել են երեկ ԲԴԽ ընտրված անդամների մասով, մտահոգիչ են, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Չեմ կարող դատել, որպես մասնագետ, բայց տարակուսանքը, որը երեկ և այսօր տեսնում ենք մամուլում, քաղհասարակության և առանձին գործիչների կողմից, ինձ համար մտահոգիչ է», - ասաց Մակունցը։
Հարցին անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նա նկատեց, որ ԲԴԽ-ն այն եզակի մարմինն է, որը ձևավորվում է երկու կառույցների կողմից և խորհրդարանում իրենք փորձել են այնպիսի թեկնածուներ ներկայացնել, որոնք ոչ միայն «Իմ քայլի», այլև բոլոր խորհրդարանական խմբացությունների աջակցությունն են վայելում, ինչը կնպաստի ԲԴԽ-ի նկատմամբ վստահության բարձրացմանը։
«Մենք իրավունք չունենք որևիցե եղանակով ներխուժել դատավորների ընդհանուր ժողովի հարցերի մեջ, որովհետև դա կդիտարկվի որպես սահմանադրական մի շարք նորմերի խախտում, բայց ինչ վերաբերում է երեկվա ընտրութանը, չեմ կարող անդրադառնալ ընտրված դատավորներին, որովհետև, դատավորների ընդհանուր ժողովի որոշումը, եթե այն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, պետք է հարգել, բայց ինձ համար առնվազն զարմանալի է մեկ տարի անց այդ երդմնակալության կազմակերպումը, երբ, կարծես թե, նախկինում տիկին Տավարացյանը ներկայացրել էր հրաժարականի դիմում, և դա մնացել էր անհետևանք։ Սա որոշակի առումով անհասկանալի և գուցե բավականին լավ նյութ է իրավաբանական հետազոտություններ իրականացնելու համար», - ասաց նա՝ նկատելով, որ այս գործընթացը որևիցե կերպ չի կարող բարձրացնել ԲԴԽ հեղինակությունը։