12/07/2019 13:17
«Իմ քայլը» հստակ դիրքորոշում չունի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առնչությամբ. Մակունց
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի շտապում հստակ պատասխանել՝ ՍԴ-ում ճգնաժամ կա՞, թե՞ ոչ։
«Չեմ շտապի գնահատական հնչեցնել ճգնաժամ կա, թե ոչ։ Սա մասնագիտական տիրույթի հարց է։ Ես պարզապես քաղաքական գնահատական կտամ՝ իրավիճակը խնդրահարույց է, որը պահանջում է լուծում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մակունցը։
Նա ընդգծեց, որ Վահե Գրիգորյանն իր նամակում առաջադրել է այդ իրավիճակը լուծելու երեք ճանապարհ, մինչդեռ չի բացառում, որ «Իմ քայլն» այլ տարբերակ առաջարկի:
«Գործ ունենք խնդրի հետ, որին պետք է տրվի լուծում, տարբերակներ առաջարկել է Վահե Գրիգորյանը, բայց ես չեմ կարող պնդել, որ «Իմ քայլը» հստակ դիրքորոշում ունի հանգուցալուծման առնչությամբ։ Հնարավոր է, որ մենք հանդես գանք լուծման մեկ այլ առաջարկով», - ասաց Մակունցը։
Վերջինս հավելեց, որ խմբակցությունը հակված է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի խնդրի լուծման տարբերակով հանդես գալ մինչև սեպտեմբեր։