12/07/2019 16:33
Հայ-իրանական բարձրաստիճան շփումների ակտիվացումը կարելի է դրական գնահատել, սակայն որոշ վերապահումներով. Հասմիկ Վարդանյան
Վերջին շրջանում հայ-իրանական հարաբերություններում որոշակի ակտիվացում է նկատվում: Նախորդ շաբաթ Թեհրանում կայացավ Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, այս նպատակով Թեհրանում գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, իսկ այս շաբաթ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի նախագահի հետ։
Հայ-իրանական հարաբերությունների ակտիվացման շուրջ զրուցել ենք «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հասմիկ Վարդանյանի հետ:
«Հայաստանը մշտապես կարևորում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ հատկապես տնտեսական համագործակցության խորացումը, ուստի այս տեսանկյունից բարձրաստիճան շփումների ակտիվացումը կարելի է դրական գնահատել: Սակայն այստեղ որոշակի վերապահումներ կան՝ պայմանավորված Իրան-ԱՄՆ հարաբերություններով: 2018 թվականին միջուկային գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը վերականգնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Դրանք ունեն երկրորդային ազդեցություն, այսինքն՝ պատժամիջոցները վերաբերում են նաև այն երկրներին և ընկերություններին, որոնք համագործակցում են Իրանի հետ: Եվ այս առումով Հայաստանը բացառություն չէ, Հայաստանի բանկային համակարգն արդեն զգացել է դրանց ազդեցությունը», - նշեց փորձագետը:
Անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այն հայտարարությանը, որի համաձայն՝ Հայաստանն Իրանի հետ բանակցում է սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով՝ փորձագետը նշեց, որ նախաձեռնությունն ողջունելի է, եթե մենք այս ուղղությամբ թափանցիկ ենք աշխատում մեր բոլոր գործընկերների հետ.
«Վերջին շրջանում Վաշինգտոնը բավականին ուշադիր է հայ-իրանական շփումների նկատմամբ, և հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման տրամաբանությունը ամերիկյան կողմին չբացատրելու, դրա անհրաժեշտությունը չհիմնավորելու դեպքում, կարող ենք հայտնվել լուրջ պատժամիջոցների տակ: Այս ուղղությամբ կարևոր է նաև աշխատանքների իրականացումը ռուսական կողմի հետ՝ հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում որոշակի տարաձայնություններ կան Հայաստանին վաճառվող ռուսական գազի գնի հետ կապված: Ընդ որում, իրանական գազի ներկրումից Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացող հարցերը բազմաշերտ են և միայն մատակարարվող գազի գնին, ծավալին չեն վերաբերում, դրանք ունեն նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ»:
«Հայաստանն այսօր Իրանի հետ իրականացնում է գազ էլեկտրաէնեգիայի դիմաց ծրագիրը, նախատեսվում է երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործման հանձնումով մեծացնել փոխանակման ծավալները, սակայն այս ծրագիրը փոքր-ինչ դանդաղում է: «Սվոպ» տարբերակով՝ ապրանքների դիմաց գազի առաքումը կարող է լավ լուծում լինել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար: Իրանի համար սա ինչ-որ չափով կմեղմի պատժամիջոցների ազդեցությունը: Հայաստանի համար սա հնարավորություն է դիվերսիֆիկացնելու էներգակիրների աղբյուրները, ինչն ավելի է կարևորվում տարածաշրջանային անկայունության և մասնավորապես ռուս-վրացական հարաբերությունների պարբերական սրացումների պատճառով», - նշեց Հասմիկ Վարդանյանը: