12/07/2019 18:29
Մատաղիսի զորամասում 2004թ.-ին զինծառայողների սպանության գործի քննությունը վերսկսվել է. Այն փոխանցվել է ԱԱԾ վարույթ
Մատաղիսի զորամասում 2004 թվականին կատարված երկու զինծառայողների սպանության գործի քննությունը կվերսկսվի, Aysor.am-ին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանի հանձնարարությամբ Ռոման Արամի Եղիազարյանի և Հովսեփ Մովսեսի Մկրտումյանի սպանության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որով 2015թ․ նախաքննական մարմնի կողմից կայացվել էր վարույթը կասեցնելու մասին որոշում, պահանջվել և ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ», - փոխանցեց նա։
Նրա խոսքով, քրեական գործով առկա են պարզման, ստուգման և հստակեցման ենթակա մի շարք առանցքային նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական, դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
«Վերսկսված նախաքննության ընթացքում ձեռնարկվում են օրենքով նախատեսված հնարավոր բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ, հետազոտման, հանցանք կատարած անձի (անձանց) բացահայտման ուղղությամբ», - ասաց Աբրահամյանը։
Հարցին, թե ինչի՞ հիման վրա է վերսկսվել գործի վարույթը, Աբրահամյանը պատասխանեց, որ դատախազությունն իրականացրել է իր գործառույթը՝ գործն ուսումնասիրել է և պարզել, որ դրա վարույթը պետք է վերսկսել, քանի որ կա չբացահայտված սպանություն։
«Դատախազությունը դեռ մարտ ամսին է գործն ուղարկել ԱԱԾ և հենց այդ ժամանակ էլ վարույթը վերսկսել է», - ավելացրեց Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ Արցախի Մատաղիս գյուղում 2004թ.-ի հունվարին երկու զինծառայող էր սպանվել՝ Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը. նրանց մարմինները հայտնաբերվել էին ջրամբարում: Ծառայակիցներին սպանելու համար մեղադրվում էին երեք երիտասարդներ՝ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը:
Լեռնային Ղարաբաղի դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: Դատավճիռը բողոքարկել էին և՛ ամբաստանյալները՝ չընդունելով հանցանքը, և՛ տուժող Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, որին չի գոհացրել պատժաչափը:
Քրեական վերաքննիչ դատարանը, կրկին քննության առնելով գործը, 15 տարվա ազատազրկումը փոխարինել էր ցմահ ազատազրկումով:
Այդուհանդերձ, երկար մղձավանջից հետո, Վճռաբեկ դատարանը 2006թ.-ին բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած ցմահ ազատազրկման դատավճիռը և կալանքից ազատել ավելի քան 2 տարի 8 ամիս նախնական կալանքի տակ գտնվող երեք ամբաստանյալներին:
Վճռաբեկ դատարանն անբավարար էր համարել Մատաղիս գյուղի ջրամբարում հայտնաբերված նույն զորամասի զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեջ նրանց մեղադրելու ապացույցները:
Ի դեպ, Հայաստանում սա առաջին դեպքն էր, երբ ցմահ ազատազրկման դատավճիռը փոխարինվում է արդարացման դատավճռով:
Սկսվում է նույն գործով մեկ այլ՝ նոր քննություն, որն ավարտվում է 2012թ.-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման վճռով:
Սպանված զինծառայողներից Մովսես Մկրտումյանի ծնողները ևս չէին հավատում, որ երեք տղաներն են սպանել իրենց որդուն: Այս վճռից հետո, երբ քրեական գործն անցնում է բողոքարկման փուլերը, այն դարձյալ ուղարկվում է նոր քննության։
Սակայն քննությունը մտել է փակուղի, և քրեական գործի վարույթը կասեցվել էր։