12/07/2019 11:05
Նախատեսում ենք ավելի մեծ ծրագրեր իրականացնել Հայաստանում. «Ռենկո» ընկերության տնօրեն
Նոր էլեկտրակայանի կառուցման աշխատանքները «Ռենկո» ընկերության ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում, այսօր Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց «Ռենկո» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիմոնե Ջովանինին։
«Սա մեր ամենամեծ և ռազմավարական նախագիծն է Հայաստանում, սա մեր ամենամեծ ներդրումն է լինելու Հայաստանում՝ չնայած, որ արդեն 20 տարի է, որ գործունեություն ենք ծավալում Հայաստանում։ Մենք այսօր հպարտությամբ ենք խոսում այս նախագծի մասին», - ասաց Ջովանինին։
Նրա խոսքով՝ նախագծի ուղղությամբ առաջին աշխատանքները սկսել են դեռևս 2016 թվականին։
«Մենք հպարտանում ենք Հայաստանում մեր գործունեությամբ։ Մեր ընկերությունը Հայաստանում գործունեությունը սկսել է 1999 թվականից։ Սա վերջը չի լինելու, մենք ծրագրում ենք ավելի մեծ ծրագրեր իրականացնել Հայաստանում առաջիկա 30-40 տարիների ընթացքում», - ասաց «Ռենկոյի» հայաստանյան գրասենյակի տնօրենը։
Նշենք, որ Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկը տալու հանդիսավոր արարողությանը մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։