12/07/2019 18:55
Ոստիկանության ապօրինի գործողությունները հուշում են, որ ունենք դիկտատորական ռեժիմ. Սոնա Աղեկյան
Երևանի քաղաքապետարան աղբ տարած և դրա համար բերման ենթարկված երկու քաղաքացիները՝ Սոնա Աղեկյանը և Սամվել Մովսիսյանը, ազատ են արձակվել։
Ինչպես ֆեյսբուքյան էջում հայտնել է ինքը՝ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, իրենց բերման ենթարկելն անիմաստ էր, քանի որ իրենք չեն արել որևէ քայլ, որի համար կարելի էր բերման ենթարկել։
«Ոստիկանության ապօրինի գործողությունները գալիս են հուշելու մեզ, որ մենք այժմ ունենք դիկտատորական ռեժիմ: Նիկոլ Փաշինյանը վախենալով ձեռքերը գցել է փրփուրներից և դիկտատորի պես ասում է՝ այստեղ իշխանությունը միահեծան է, ով կնկատի թերությունները և կփորձի բարձրձայնել, նրա դեմը կառնենք ապօրինի գործողություններով՝ օգտագործելով օսիպյանական ոստիկանական ջոկատները:
Չենք վախենում, սիրելի ոստիկաններ, չենք վախենում, պարոն բռնապետ։ Մենք գալիս ենք պայքարելու մինչև վերջ: Մենք կստիպենք, որ քաղաքապետը կատարի իր պարտավորությունները», - հայտարարեց Աղեկյանը։