12/07/2019 15:07
Եթե չեն կարողանում ապացուցել մարդուն վերագրվող հանցանքը, պետք է ազատ արձակեն նրան. «Իմ քայլ»-ի պատգամավորը՝ Մարտի 1-ի գործի մասին
«Իմ քայլ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է, որ մարտ ամսին խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպմանը հարց է բարձրացրել Մարտի 1-ի սպանությունների բացահայտման վերաբերյալ, որին ի պատասխան Գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ ունեն բազմաթիվ նորություններ և առաջիկայում կլինեն այդ մասով բարձրաձայնումներ, սպանությունների բացահայտման մասով նույնպես տեղաշարժ կլինի: Սակայն, ըստ պատգամավորի, անցել է ավելի քան չորս ամիս և էական տեղաշարժ չկա:
«Նույնիսկ վերջին բացահայտման մասով՝ գնդապետ Գեղամ Պետրոսյան գործով, ես կարդացի, որ նա որևէ առնչություն չունի Զաքար Հովհաննիսյանի սպանության հետ: Փորձագիտական եզրակացությունը արդեն կա, որ Գեղամ Պետրոսյանին ամրակցված զենքի պարկուճները և Զաքար Հովհաննիսյանի մարմնում հայտնաբերված պարկուճը չեն համապատասխանում իրար, այսինքն այդ մարդը չի կրակել։ Սա նշանակում էր, որ մենք պետք է անմիջապես ազատ արձակեինք Գեղամ Պետրոսյանին: Ես չեմ էլ ճանաչում, չգիտեմ ինքը ունակ էր սպանել մարդ, ունակ չէ, բայց խոսում ենք զուտ իրավաբանությունից: Եթե մենք չենք կարողանում ապացուցել մարդու ամենածանր հանցագործությունը՝ մենք պետք է իրեն ազատ արձակենք, որքան էլ որ մենք չուզենանք դա անել: Ամենակարևոր հիմքը, որը պետք է ապացուցված լիներ մինչև նրան ձերբակալելը, այն է, որ այդ մարդու կրակած փամփուշտը չի համապատասխանում զոհի մարմնում եղած փամփուշտի հետ։ Վերջ, այստեղ էլ ուրիշ ապացույց չկա, այսինքն չի կարող լինել ավելի մեծ ապացուցողական բազա, քան այդ փամփուշտների անհամընկնելիությունը։ Եվ այստեղ մենք պատասխանատվության խնդիր ունենք ամեն մեկս մեր տեղում։ ՀՔԾ-ի այդ քննիչը, կամ գլխավոր դատախազը պետք է ասեն՝ եղբայր, եթե դու չես կարողանում հիմնավորել, կոպիտ ասած՝ ինչի՞ ես մեզ խայտառակ անում։ Մենք ունենք դեպք, որի մասին շատ ենք խոսում», - ասաց Թովմասյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ Մարտի 1-ի սպանությունները պետք է օր առաջ բացահայտվեն։
«Այդ գործով զբաղվող յորաքանչյուր քննիչի համար դա պետք է թասիբի հարց լինի։ Մենք 10 տարի ասել ենք, որ քննությունը խոչընդոտվել է, խանգարել են գործի բացահայտմանը, հիմա չունենք այդ քաղաքական խանգարողները։ Պետք է քաղաքական կամքի հետ գործի դնել պրոֆեսիոնալիզը, բայց ինչու չի արվում, դա ինձ համար անհասկանալի է: Ես ցավով եմ արձանագրում, որ մենք մարտի 1-ի այդ սպասված բացահայտումը չունենք։ Որպես լրագրող՝ ես այնքան փաստերի եմ տիրապետել, այնքան բաներ ենք մենք հրապարակել այս տարիների ընթացքում, որ ինձ թվում էր՝ դրանք հեշտությամբ կդառնան քրեական գործի հիմքեր։ Ի՞նչ կերպով են այդ տվյալներն այսօր համադրվում ու վերլուծվում, ես չգիտեմ, բայց պետք է իրոք ընդունենք, որ այս գործի բացահայտումը թասիբի հարց է, որ պետք է ի վերջո ազատվենք այդ խարանից։ Ով գալիս է իշխանության, իր պատասխանատվության որոշակի չափաբաժին համարում է մարտի 1-ի բացահայտումը։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը դա ասեց մի քանի անգամ։ Բայց կյանքը ցույց տվեց, որ չստացվեց։ Ու ես չեմ ուզում երբևէ հանկարծ պատկերացնեմ, որ մեր իշխանությանը չի հաջողվելու դա անել, ուղղակի չեմ ուզում պատկերացնել», - ասել է պատգամավորը: