12/07/2019 16:59
Հայկական պատվիրակությունը մասնակցում է Արևելյան գործընկերության 1-ին ներդրումային համաժողովին
Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցում է Բաթումիում ընթացող «Տասը տարի Պրահայից հետո» Եվրոպական Միության Արևելյան գործընկերության առաջին ներդրումային համաժողովին, հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Համաժողովի նպատակն է ստեղծել արդյունավետ հարթակ Արևելյան գործընկերության անդամ երկրների և Եվրամիության գործարար շրջանակների ու կառավարությունների միջև համագործակցության համար, խթանել ներդրումային ծրագրերը՝ հատկապես ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։
Հայաստանի պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, պետական կառավարման մարմինների, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները համաժողովի համապատասխան պանելների ընթացքում հանդես են եկել ելույթներով և տարբեր քննարկումների ժամանակ ներկայացրել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ներդրումային ծրագրերը:
«Արևելյան գործընկերության շրջանակներում ներդրումների հնարավորություններ և մարտահրավերներ․ 10 տարի Պրահայից հետո» խորագիրը կրող պանելային քննարկման ժամանակ իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ Հայաստանի բարեկեցությունը և զարգացումը որոշակիորեն պայմանավորված են հարևան երկրների բարեկեցությամբ և զարգացմամբ, և որ Հայաստանն իր տնտեսական զարգացումը տեսնում է նաև որպես գլոբալ շուկաներում մրցունակ նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող և արտահանող երկիր, ինչի լավագույն օրինակներ են ԹՈՒՄՈ-ն և Արմաթ-ը:
Էկոնոմիկայի փոխնախարարն ավելացրել է, որ Հայաստանում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։ Փոխնախարարն անդրադարձել է նաև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» ծրագրին, որով նախատեսված է ԹՈՒՄՈ-ի հետ համագործակցությամբ աջակցել «ԵՄ-ն նորարարության համար. ԹՈՒՄՈ կենտրոն»-ի ստեղծմանը, որը հարթակ կտրամադրի տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և գիտական այլ ոլորտների։