13/07/2019 10:32
ԱԱԾ-ն 10 օրում կներկայացնի էներգետիկ համակարգի խոշոր խափանման վերաբերյալ նախնական եզրակացությունը. Արթուր Վանեցյան
Տասն օրվա ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կներկայացնի էներգետիկ համակարգի խոշոր խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացությունը, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում և պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզվի՝ դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքո՞ւմ, թե՞ եղել է տեխնիկական պատճառներով», - ասել է Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենն ընդգծել է՝ բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։
«Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է, 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն», – ասել է Ա. Վանեցյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատվել էին:
Էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի դեպքով ծառայողական քննություն է նշանակվել։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ հայտարարել է, որ ունեն երկու վարկած՝ արտաքին և ներքին գործոնների հետ կապված։