15/07/2019 12:18
Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն առաջին խիստ պահանջն էր ՀՀ իշխանություններից՝ Սահմանադրության մեկնաբանություններում դրսևորել լուրջ վարքագիծ. Տիգրան Աթանեսյան
Վենետիկի հանձնաժողովի հրապարակած արձանագրությունը սպասելի էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Այն, ինչ պակասում է մեր երկրում, դա լուրջ վերաբերմունքն է իրենց աշխատանքին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Սահմանադրությանը և օրենքների մեկնաբանությանը։ Նման արձագանք սպասելի էր, որովհետև իրավաբանությունն ունի նաև տեսական մեծ մաս, ինչը սովորական քաղաքացին չի տեսնում և օրենքը չի կարելի մեկնաբանել այնպես, որ այդ օրենքն սկսի ինքն իրեն հակասել։ Դա իրավաբանության հիմնարար սկզբունքներից է։ Մենք սրա ականատեսը եղանք և ստացանք դրա պատասխանը», - ասաց Տիգրան Աթանեսյանը։
Արձանագրությունում նշվում է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։
Բացի այդ, նշվում է նաև, որ Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։
Անդրադարձ է եղել նաև Սահմանադրության մեկնաբանությանը, արտեղ նշվում է՝ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։
Տիգրան Աթանեսյանը հույս հայտնեց, որ օրերից մի օր առնվազն Սահմանադրության մեկնաբանություններում ՀՀ իշխանությունները կսկսեն դրսևորել լուրջ վարքագիծ և Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը դրա առաջին խիստ պահանջն էր։
«Հույս ունեմ, որ վերջապես լրջություն կգա մեր պետական կառավարման ապարատում», - ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է վեթթինգ իրականացնելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը, Տիգրան Աթանեսյանն ասաց.
«Հապճեպ ծնվող գաղափարները և հանրությանը նույնքան հապճեպ մատուցվող գաղափարներն ունենում են նույնպիսի վախճան։ Այդպիսի վախճան ունեցավ անցումային արդարադատության գաղափարը, մի օր այդպիսի վախճան կունենա հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, այդպիսի վախճան էլ կունենա վեթթինգը։ Երբ ասում եմ լրջության պակաս կա, խոսքս հենց դրան է վերաբերում»։
Աթանեսյանի խոսքով՝ լրջագույն դատաիրավական բարեփոխում անելու փոխարեն ինչ-որ կայծակնային արագությամբ ուզում են մի բան փոխել։
«Բայց հիշեք՝ այդ վեթթինգի արդյունքում բոլոր այն խայտառակ դատավորները, որ ունենք, մնալու են պաշտոնավարելու, իսկ նորմալ դատավորները աշխատանքից կհեռացվեն։
Չստուգված, չհասկացված, չընկալված գաղափարները մատուցել որպես սեփականը և հրամցնել հանրությանը, պարզապես անթույլատրելի է», - եզրափակեց խոսքը Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր.
«Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, «Vetting»-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին»: