15/07/2019 19:30
«Լուսավոր Հայաստանը» հիպոթեքային շուկայից օգտվող քաղաքացիների համար պայմանները բարելավող օրինագիծ է շրջանառության մեջ դրել
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ է շրջանառության մեջ դրել, որը վերաբերում է հիպոթեքային շուկայից օգտվող քաղաքացիներին։
Խմբակցությունից տեղեկացնում են, որ համաձայն Հարկային օրենսգրքի՝ անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձ է նախատեսվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար, որոնց շարքում ներառված չեն այն քաղաքացիները, ովքեր աշխատում են ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերի հիման վրա:
«Այդ պայմանագրերով, սակայն, չկա որևէ տարբերակում ինչպես եկամտային հարկի դրույքաչափի, այնպես էլ վճարման կարգի վերաբերյալ: Հետևաբար, կարծում ենք, որ նման սահմանափակումը չունի որևէ հիմնավորում և առաջացնում է չհիմնավորված խտրականություն:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխություն, որով նախատեսվում է հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունը կիրառել նաև ծառայությունների մատուցման և քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերով աշխատող քաղաքացիների նկատմամբ», - տեղեկացնում են խմբակցությունից։