15/07/2019 18:04
Վենետիկի հանձնաժողովը ստիպեց ՀՀ իշխանություններին հրաժարվել համընդհանուր վեթինգի գաղափարից. Հերմինե Մխիթարյան
Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթի Հայաստանին վերաբերող կետերի շուրջ Aysor.am-ը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ:
«Վենետիկի հանձնաժողովի ընդունած փաստաթղթից պարզ է դառնում, որ այն, ինչ իշխանությունների կողմից ներկայացվում էր՝ որպես եվրոպական կառույցների աջակցություն Հայաստանում իրենց կողմից նախաձեռնած դատաիրավական բարեփոխումներին, այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, պարզվում է, որ Հայաստան ժամանած ԵԽ բարձրաստիճան պատվիրակության անդամների հետ ունեցած խորհրդակցությունների արդյունքում հայաստանյան իշխանությունները հրաժարվել են գործող դատավորների համընդհանուր վեթինգի գաղափարից:
Այն, որ բարեփոխումների ընտրված ճանապարհը իրենց համար անընդունելի է, բաց տեքստով ասվել էր դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի հայտնի կոչին հետևած միջազգային կառույցների գրեթե բոլոր հայտարարություններում: Դեռ այն ժամանակ միջազգային կազմակերպություններն իրենց աջակցությունն էին հայտնում Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին՝ հստակ նշելով, որ դրանք պիտի տեղի ունենան «օրենքի և սահմանադրության շրջանակներում»:
Նման դիրքորոշում է արտահայտվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարություններում, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի՝ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցում, Հայաստանի մոնիթորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունում և այլն: Փաստորեն անհրաժեշտ էր, որ ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը ժամաներ Հայաստան և ավելի պարզ ու մատչելի լեզվով բացատրեր իշխանություններին, որ այն, ինչ իրականացվում է կամ նախատեսվում է իրականացնել Հայաստանում, սահմանադրության ու սահմանադրական կարգի ոտնահարում է», - նշեց փորձագետը:
Հերմինե Մխիթարյանն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի արտահայտած դիրքորոշմանը:
«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ևս Վենետիկի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է: Անգամ հատուկ հանձնարարվել է հանձնաժողովի նախագահին ուշադիր հետևել իրավիճակին և, հարկ եղած դեպքում, այս հարցի շուրջ հանդես գալ հայտարարությամբ: Ինչ վերաբերում է ամփոփիչ փաստաթղթի ձևակերպումներին, ապա այստեղ միանշանակ ու հստակ է համարվել Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված): Սա առավել քան հստակ ու պարզ ուղերձ է հայաստանյան իշխանություններին՝ դադարեցնելու դատարանների, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումները: Եվ հաշվի առնելով այս հարցում Վենետիկի հանձնաժողովի հեղինակությունը՝ իշխանություններն այս հարցում, կարծես, մեծ ընտրության հնարավորություն չունեն», - ամփոփեց փորձագետը: