15/07/2019 18:37
Իրենց կարծիքն է՝ չեմ կարծում, թե սարսափելի բան է. Հովիկ Աղազարյանը՝ Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մասին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ մտահոգիչ կետեր չի տեսել.
«Մտահոգիչ բան չեմ տեսել, որոշակի գնահատակ են տվել իրավիճակին, մասնավորապես՝ համաձայն չեն ՍԴ «անդամ» և «դատավոր» տերմինների բաժանմանն իմաստային առումով և կարծում են, որ ՍԴ անդամները, որոնք ընտրվել են մինչև 2015 թվականի ընդունված Սահամանադրությունը, պիտի պաշտոնավարեն մինչև իրենց ժամկետի ավարտը, որը 2005 թվականի Սահմանադրությամբ է նախատեսված: Դա իրենց կարծիքն է, որը չեմ կարծում, թե սարսափելի բան է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորն՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը:
Դիտարկմանը, թե Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ են գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները՝ ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը՝ Աղազարյանն ընդգծեց, որ թեև Գրիգորյանի հայտարարություններին որոշ պատգամավորներ ծափերով արձագանքեցին, խմբակցությունն այդ մասով դեռևս կարծիք չի արտահայտել։
«Խորհրդարանի կողմից որևէ բան կարող է ողջունելի համարվել միայն որոշման ձևով, հետևաբար, եթե որոշ ատգամավորներ ծափահարել են, դա իրենց վերաբերմունքն է եղել, բայց դա չի նշանակում, որ խորհրդարանն է ողջունել կամ մեր խմբակցությունն է ողջունել», - ասաց Աղազարյանը:
Նա նկատեց՝ խմբակցության բոլոր պատգամավորները կարող են տարբեր ֆորմատներով իրենց կարծիքը հայտնել այս կամ այն հարցի հետ կապված, բայց քանի դեռ հարցը չի քննարկվել խմբակցությունում և չի քվերակվել, այն որոշում չի դարձել:
«Դա գնահատական էր այն իրողություններին, որ մենք ունեցել ենք տարիների ընթացքում, որովհետև երբ մենք մերժել ենք Սերժ Սարգսյանին ժողովորդի աջակցությամբ, մենք մերժել ենք նաև իր թիմին, ոչ միայն իրեն և այդ թիմից է նաև Հրայր Թովմասյանը», - նկատեց Աղազարյանը: