15/07/2019 15:42
Պաշտպանը հանդիպել է Քոչարյանի հետ. Վերջինը պահման պայմաններից չի դժգոհել
Հայաստանի 2-րդ նախագահի հետ կապված գործը և առհասարակ Մարտի 1-ին առնչվող բոլոր հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ասաց՝ տեղյակ է կոնկրետ գործով դատավորների գործողությունների շուրջ մտահոգություններին ու ավելացրեց.
«Դրանց վերաբերյալ հիմա չեմ կարող դիրքորոշում հայտնել, քանի որ մտահոգություններից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Միայն նշեմ, որ պարոն Ալումյանը հրապարակային դիմել է ինձ, որից հետո ես խոսել եմ նրա հետ, պայմանավորվել ենք, որ նա այդ խնդիրների վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնի: Առավել մանրամասն հարցն ուսումանսիրելուց հետո կհասկանանք՝ դա մեր լիազորությունների մե՞ջ է, թե՞ ոչ»:
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Քոչարյանի հետ հանդիպմանը, Թաթոյանն ասաց, որ մի քանի օր առաջ այցելել է նրան իր նախաձեռնությամբ։
«Իմ խնդիրը պահման պայմանների հետ կապված հարցերն են: Դժգոհություններ պահման պայմանների վերաբերյալ չեն ներկայացվել: Առանձնազրույցի մանրամասները չեմ կարող ասել, իսկ ինչ վերաբերում է դատաքննության շուրջ մտահոգություններին, ապա Քոչարյանը հայտնել է այն նույն մտահոգությունները, որոնց մասին բարձրաձայնում են փաստաբանները։ Բայց ես ասել եմ, որ դրանց միջամտել չեմ կարող», - ասաց Թաթոյանը: