15/07/2019 19:19
Կզարմանայի, եթե Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներն այլ բնույթի լինեին. Վահագն Գրիգորյան
Կարելի է ասել՝ իմ դիրքորոշումը լիովին համընկնում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրության հետ։ Նշված փաստաթղթում բավականին ողջամիտ դիտարկումներ են ներկայացված, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի համահիմնադիր Վահագն Գրիգորյանը։
«Առաջինը, ինչին պետք է անդրադառնանք, վեթինգի հատվածն է, որտեղ արձանագրվում է, որ Հայաստանին վեթինգ պետք չէ, և դատական վեթինգ տեղի չի ունենալու։ Դրա փոխարեն պետք է ուժեղացվեն կարգապահական մեխանիզմները և ավելի շատ ուշադրություն դարձվի հայտարարգրման գործընթացին։ Ճիշտն ասած՝ սա այն է, ինչի մասին ես բազմիցս խոսել եմ։ Ես այն կարծիքին եմ եղել, որ վեթինգի նպատակներին հնարավոր է հասնել նաև կարգապահական պատասխանատվության մեխանիզմի միջոցով։
Այսինքն՝ հեծանիվ հորինելու կարիք չկա։ Եթե օրենքով եղած մեխանիզմները նորմալ, ոչ հայեցողաբար կիրառվեն, վատ դատավորներին համակարգից բացառելու գործընթացը կարող ենք իրականացնել առանց որևէ խնդրի», - ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է արձանագրության այն հատվածին, ուր Վենետիկի հանձնաժողովը մտահոգիչ է գնահատում ՀՀ խորհրդարանի կողմից Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ողջունելու գործընթացը, Վահագն Գրիգորյանը նկատեց.
«Նորից լիովին համաձայն եմ հանձնաժողովի մոտեցման հետ։ Այդ մասին ևս բազմիցս խոսել եմ. «դատավոր-անդամ» բառախաղը ոչ ավելին է, քան բառախաղ։ Ինչպես հանձնաժողովն, այնպես էլ՝ ես, կարծում եմ, որ շեշտը պետք է դնել առավել կարևոր բանի վրա։ Դա այն նորմն է, որի համաձայն ՍԴ-ի գործող նախագահն ու անդամները շարունակում են պաշտոնավարել։ «Շարունակում են պաշտոնավարել» արտահայտությունը լիովին հերիք է, որ «դատավոր-անդամ» բառախաղի վրայով անցնենք ու մոռանանք այն։ Այդ մարդիկ պետք է իրականացնեն իրենց լիազորությունները, քանի դեռ պաշտոնավարման ժամկետն ավարտված չէ», - պարզաբանեց Վահագն Գրիգորյանը։
Ամփոփելով՝ մեր զրուցակիցը շեշտեց՝ ինքը կզարմանար, եթե Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներն այլ բնույթի լինեին, որովհետև հակառակը պնդում են բացառապես իշխանության ներկայացուցիչները և նրանց համակիրները։