15/07/2019 18:14
Վենետիկի հանձնաժողովն օգտագործել է Սահմանադրական դատարանի դատավոր եզրույթը՝ այդ հարցը փակելու նպատակով. Արամ Վարդևանյան
Վենետիկի հանձնաժողովի հրապարակած արձանագրությունն, ըստ սահմանադրագետ Արամ Վարդևանյանի՝ մի քանի կարևոր շեշտադրում ունի։
«Առաջինը, եթե նկատել եք, Վենետիկի հանձնաժողովը մի քանի անգամ օգտագործում է Սահմանադրական դատարանի դատավոր բառակապակցությունը։ Սա, կարծես թե, Վենետիկի հանձնաժողովը հատուկ ի պատասխան այն դիսկուրսի է արել, որ ստեղծվում էր Հայաստանում որոշ մասնագետների կողմից՝ անդա՞մ, թե՞ դատավոր։ Մի քանի անգամ ընդգծում է դատավոր եզրույթը, դրանով հարցը փակելու նպատակով», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Վարդևանյանը։
Ըստ Վարդևանյանի՝ երկրորդ շեշտադրումով հստակ արձանագրվում է այն, ինչն իրենք այսքան ժամանակ ներկայացնում էին. 213-րդ հոդվածը շատ սպառիչ և հստակ արձանագրում է, որ անդամները ստանձնում են դատավորի կարգավիճակ։
«Եվ կա նաև 3-րդ հանգամանքը՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրում է՝ եթե Սահմանադրական դատարանի մեկ դատավորի կարծիքը հանգեցնի այնպիսի իրավիճակի, որ խորհրդարանն էլ ողջունի այդ ամենը, դա կարող է հանգեցնել Սահմանադրական դատարանի դատավորների օրինական մանդատի իրացման սահմանափակման։ Ի դեպ, այս հարցը շատ կարևոր է, որովհետև եթե այդպիսի իրավիճակ է տեղի ունենում, այդ իրավիճակի վրա ազդելը իրենից ենթադրում է քրեաիրավական տիրույթում գտնվող հարցի առկայություն։ Դա կլինի Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացում», - նկատեց սահմանադրագետը։
Վարդևանյանն ասաց, որ նախկինում էլ մի քանի անգամ տարբեր մեկնաբանություններում ինքն ասել է, որ լավագույն միջոցը կարգապահական պատասխանատվության գործիքի լայն իրացումն է, որն էլ արձանագրել է Վենետիկի հանձնաժողովը։
Այլապես, ըստ նրա, վեթթինգն ինքնին կարող էր քաղաքական մի շարք ռիսկեր ունենալ դատական իշխանության միջամտության տեսանկյունից։
«Դատական իշխանությունը ապաքաղաքական մարմին է և այդպիսին էլ պետք է լինի, իսկ վեթթինգը բավարար երաշխիքներ չի կարող տալ», - եզրափակեց Արամ Վարդևանյանը։