15/07/2019 13:11
Ցուցարարները կրկին փակել են Երևան-Սևան մայրուղին
Սևանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանսյանի և Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի հետ քիչ առաջ ունեցած հանդիպումից հետո կրկին փակել են Երևան-Սևան մայրուղին։
Այս պահին նրանք ցանկանում են փակել նաև Գագարին-Երևան ավտոճանապարհը՝ պատճառաբանելով, որ մեքենաները կարողանում են նշված ճանապարհով ազատ երթևեկել։
Նշենք, որ ակցիայի ընթացքում մի պահ կրքերը թեժացան, ցուցարարների միջև վիճաբանություն ծավալվեց, որը հարթվեց ոստիկանների միջամտությամբ։
Հատկանշական է, որ ցուցարարները շարունակում են պնդել՝ Սևանա լճի ջուրը լողալու համար անվնաս է, իրենք ամեն օր լողում են, սակայն առողջական որևէ խնդիր էլ ձեռք չեն բերել։
Սևանի շուրջ խոսակցությունները նրանք մտացածին որակեցին՝ նշելով, որ տուրիստական սեզոնին նման խոսակցությունները թեժացնում են հայաստանյան հանգստյան այլ գոտիների սեփականատերերը՝ զարկ տալու սեփական բիզնեսին։
«Տոկոսների տակ ճռռում ենք, ոչ մեկ մեր վիճակը չի պատկերացնում։ Ո՞վ ա քցել խոսակցությունները, որ Սևանն իբր թե թունավոր ա։ Բանկերին պարտք ենք, ստեղ ոչ մեկ միտում չունի ճանապարհ փակելու։ Առավոտից սպասում ենք, որ նախարարները գան։ Բայց չեն գալիս։ Սա ամբողջ ազգի հարցն ա», - բողոքեց ցուցարարներից մեկը։
Մեկ այլ ցուցարար էլ նշեց, որ եթե լճի ջուրը թունավոր է, պատկան մարմինները թող կարանտին հայտարարեն, ոչ թե Սևանի ջրով Արարատյան դաշտը ոռոգեն և այդ գյուղմթերքն իրացնեն։
«Պահանջում ենք, որ գան, լողան, հասկանան, որ ջուրը մաքուր ա։ Պետական մակարդակով հակասական քարոզչություն է իրականացվում։ Հակաքարզոչությունն անցած տարվանից է սկսվել, մենք ոչ փող ենք ուզում, ոչ էլ։ Ոչ մեկից փող չենք մուրում, միայն ասում ենք՝ թողեք աշխատենք», - նշեց նա։
Ցուցարարների խոսքով՝ Գեղարքունիքի մարզպետը չի կարող իրենց օգնել, ուղղակի անձամբ բարող է ֆլեշմոբ անել, անձամբ լողալ Սևանում։