16/07/2019 14:08
Դատական համակարգը առողջացնելու, բարեփոխելու մեր հանձնառությունն ամբողջությամբ ուժի մեջ է. ԱԺ փոխնախագահ
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը այսօր պնդել է, որ Հայաստանի իշխանությունները հետևողական են լինելու երկրի դատական համակարգը բարեփոխելու հարցում։
«Վեթինգը մի գործիք է, որը ստուգում է պաշտոնյայի համապատասխանությունը տվյալ պաշտոնին որոշակի չափանիշների հիման վրա։ Հիմա մշակվում են այդ չափանիշները, օրենսդրական փոփոխություններ են տեղի ունենալու, որոնք մշակվում են արդարադատության նախարարությունում։ Սեպտեմբերին ազգային ժողովում կքննարկենք, կընդունենք ու դրանց հիման վրա տեղի կունենա այդ ստուգման գործընթացը։ Հիմա դրա անունը կդնենք վեթինգ թե բարեվարքության տուգում, ըստ էության նշանակություն չունի։ Մեր հանձնառությունը դատական համակարգը առողջացնելու, բարեփոխելու ամբողջությամբ ուժի մեջ է և մենք դա իրականացնելու ենք», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահը։
Նազարյանը հրաժարվեց մեկնաբանել Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որում նշվել է, թե «Եվրոպայից ժամանած պատվիրակությանի հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար»։ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ինքը տեղյակ չէ, թե ինչ արձանագրության մասին է խոսքը, պաշտոնակա՞ն է այն, թե՞ ոչ։
«Ես ընդամենը ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել մեր հանձնառությունը դատական համակարգը առողջացնելու հարցում։ Դա իրականացվելու է հենց այն չափորոշիչներով, որոնց մասին խոսել ենք և որոնք այժմ մշակվում են», - ասաց նա։
Լրագրողը նկատեց, որ երեկ որոշ փաստաբաններ պնդում էին, թե Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը լայն հանրությանը հասանելի է դարձել հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ, Սահմանադրության համահեղինակ Վարդան Պողոսյանի միջոցով ու հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ընդունելի, որ Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչը շարունակում է մնալ Վարդան Պողոսյանը։ Ի պատասխան Լենա Նազարյանը ասաց. «Կարծում եմ՝ այդ հարցը կարող է քննարկվել կառավարությունում ու վստահ եմ՝ հետևություններ կլինեն, եթե կասկածներ կան»։