16/07/2019 18:42
ԵՄ պատժամիջոցներից հետո Թուրքիայում տնտեսական ճգնաժամն ավելի կխորանա. Չաքրյան
Թուրքիայի տնտեսական ցուցանիշները խայտառակ վատ վիճակում են, այդ երկրի արտաքին պարտքը զգալիորեն աճել է, գործազրկության մակարդակը՝ բարձրացել, և Կիպրոսի մերձակա ջրերում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելով՝ թուրքական իշխանությունները ցանկանում են իմիտացիա անել, խաբել իրենց ընտրողներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտենց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
«Թուրքիայում տնտեսական խորը ճգնաժամ է, որն առավել կխորանա ԵՄ և ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներից հետո։ Ֆինանասական միջոցներ չտրամադրելը, թուրքական բանկերի հետ գործարքներ չկնքելը ավելի կսրեն իրավիճակը», - նշեց մեր զրուցակիցը։
Հակոբ Չաքրյանը հիշեցրեց՝ հորատման աշխատանքների ընթացքը չդադարեցնելը Թուրքիան բացատրում է այն հանգամանքով, որ դրանք իրականացվում են Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ջրերում։
«Բայց Հյուսիսային Կիպրոսի, այսպես կոչված, թուրքական հանրապետությունը նույնիսկ Ադրբեջանը չի ճանաչում։ Իսկ Եվրամիության կողմից այդ ջրերում իրականացվող աշխատանքները դիտվում են որպես ոտնձգություն ԵՄ անդամ Կիպորսի Հանրապետության նկատմամբ», - նշեց թուրքագետը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարության համաձայն՝ իր երկիրը, չնայած Եվրամիության պատժամիջոցներին, մտադիր է Կիպրոսի շրջանում ակտիվացնել երկրաբանահետախուզական գործունեությունը։
«Եթե դուք նման որոշումներ եք կայացնում Թուրքիայի նկատմամբ, ապա մենք կակտիվացնենք մեր գործունեությունը: Այժմ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում գտնվող երեք նավերին կմիանա նաև չորրորդը», - հայտարարել է նա:
ԵՄ-ն ընդգծել է Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի անօրինական գործողությունների վատ ազդեցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա և Անկարային կոչ է արել դադարեցնել հետագա գործողությունները` հարգելով Կիրպոսի ինքնիշխանությունն ու օրենքները: