16/07/2019 12:57
Մարզերում կանայք առողջական խնդիրները համարում են մի բան, որին կարելի է անդրադառնալ, երբ աշխարհի բոլոր խնդիրները լուծված են. Սոցապ փոխնախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոքրիկ թիմը մայիս-հունիս ամիսներին 56 հասարակական կազմակերպության մասնակցությամբ անցել է 1765 կմ, շրջել Հայաստանի տասը մարզում, հանդիպել 175 մարդու ու լսել նրանց տանջող խնդիրները։
«Հայաստանը փոքր է, բայց ոչ այդքան և եթե որոշում ենք շրջել, ապա շատ բան կա տեսնելու», - այսօր այդ խնդիրները լայն հանրությանը ներկայացնելիս հայտարարեց Հայաստանի բնակավայրերը շրջած թիմի ղեկավար աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Իսկ բնակչությանը հուզող խնդիրները հիմնականում աշխատանքի ու զբաղվածության, սոցիալ-տնտեսական հարցերն են, ինչպես նաև՝ առողջապահական, կրթության, գենդերային խտրականության, որոշումների կայացման մակարդակում կանանց ցածր ներգրավվածության, նաև կանանց նկատմամբ բռնության խնդիրները։
Այդուհանդերձ, հետազոտողների հետ շփված հայաստանցիները ամենահաճախը բարձրաձայնել են աշխատանքի ու զբաղվածության հարցը, նրանք մտահոգություններ են հայտնել աշխատատեղերի բացակայության և մասնագիտությամբ աշխատելու սահմանափակ հնարավորությունների առնչությամբ։
Աշխատանքի ընդունվելու հարցում խտրականության դրսևորման խնդիրների ևս հանդիպել են հետազոտողները։ «Շատ ենք լսել, որ եթե կա աշխատանքի հնարավորություն, ապա աշխատատեղի մրցակցության պայմաններում նախապատվությունը տրվում է տղամարդ մասնակցին, այլ ոչ թե այն կնոջը, որը փորձում է ունենալ կայուն աշխատանք։ Լուրջ խնդիր է նաև տարիքային խտրականությունը և այս իմաստով միջին կամ բարձր տարիքի կանայք հայտնվում են մի իրավիճակում, երբ ստիպված են կատարել կամ միայն ցածր որակավորում ունեցող աշխատանք կամ ընդհանրապես չունենալ աշխատանք», - ասաց փոխնախարարը։
Պաշտոնյայի փոխանցմամբ, հետազոտության ընթացքում պարզել են, որ սեզոնային աշխատանք կատարելու համար վաղ առավոտյան, ավտոբուսներով մարզային քաղաքներից կանայք են մեկնում գյուղեր՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար ու վերադառնում շատ ուշ։
«Սա շատ տարածված էր Արմավիրի մարզում։ Սա ստեղծում է մի իրավիճակ, որ այս կանայք, ըստ էության, չկարգավորված աշխատաժամանակով, չգրանցված, առանց պայմանագրի ստիպված են լինում կատարել այդ ծանր գործը ու միևնույն ժամանակ նրանց երեխաները ցերեկային խնամքի կենտրոնների բացակայության պայմաններում գտնվում են մի իրավիճակում, որը առաջ է բերում այլ խնդիրներ՝ խնամքի բացակայություն ու դրանից ծագող այլ խնդիրներ», - ներկայացրեց Ժաննա Անդրեասյանը։
Դեպքեր են եղել նույնիսկ, որ կանայք աշխատել են ու դրա դիմաց չեն ստացել վարձատրություն. չի եղել պայմանագիր, որի հիման վրա կպահանջեն վարձատրությունը։ Փոխնախարարի դիտարկմամբ, գյուղատնտեսական աշխատանքներում աշխատողի իրավունքների պաշտպանվածության հարցերը պետք է կարգավորվեն օրենքով։
Առողջապահական համակարգի խնդիրներից հիմնականում մարզաբնակները դժգոհել են, որ որակյալ սարքավորումներով հագեցած բուժհիմնարկներն անհասանելի են, իսկ ծառայությունները բավարար որակյալ չեն։
«Բուժծառայությունները հիմնականում անմատչելի են, և հատկապես խոցելի խմբերի կանայք չունեն հնարավորություն հետազոտոթւյուններ անցնելու։ Բացի այդ, առողջության պահպանման մշակույթը կանանց շրջանում բացակայում է, մարզաբնակ կանայք չունեն սեփական առողջությանը հետևելու կանոնավոր վարքագիծ և սովորաբար կանայք իրենց դնում են ամենավերջին տեղում և իրենց առողջական խնդիրները համարում են մի բան, որին կարելի է անդրադառնալ, երբ աշխարհի բոլոր խնդիրները լուծված են։ Ցավոք սրտի, մենք երբեք չենք ունենա մի իրավիճակ, երբ աշխարհի բոլոր հարցերը լուծված կլինեն, պետք է կարողանանք գիտակցել, որ առողջության պահպանումը առաջին հերթին կարևոր է սեփական կյանքի որակը բերալավելու համար», - ասաց փոխնախարարը՝ հորդորելով ժամանակին դիմել բժշկի։
Մեկ այլ խնդիր էլ մատնանշեց փոխնախարարը, որը պարզել են հետազոտության ընթացքում. «Կանայք մտավախություն ունեն իրենց անձնական տվյալների պահպանման առումով և կարծում են, որ եթե գնան ինչ-որ խնդրով մարզային բուժհիմնարկ հետազոտվեն, ապա իրենց խնդիրը կարող է իմանա ողջ համայնքը»։
Կառավարության պաշտոնյան նկատեց, որ բուժհիմնարկների աշխատողները պետք է այս հարցով ևս վերապատրաստվեն, քանի որ անձի անձնական տվյալները պետք է պաշտպանվեն։