16/07/2019 21:45
Մարինա Խաչատրյանը պահանջում է ստեղծել մասնագիտական հանձնաժողով՝ Ռուստամ Բադասյանի առողջական վիճակն ուսումնասիրելու համար
Այսօր նամակներ եմ ուղարկել ՀՀ ՊՆ նախարարին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ՌՈ պետին` ներկայացնելով բժշկական տեսանկյունից հիմնավոր կասկածներ. ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ առկա է 30 աստիճանի սկոլիոզ, Facebook-յան էջում հրել է Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը։
«Հիշեցնեմ, որ այդ հիվանդության հիմքով է բանակից ազատվել Ռուստամ Բադասյանը ում հայրը` Վլադիմիր Բադասյանը, հին Հայաստանի կոռումպացված ոստիկանությունում զբաղեցրել է բարձրաստիճան պաշտոններ` Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, 6-րդ վարչության պետի առաջին տեղակալ և այլն...
Իմ նամակով ես պահանջել եմ ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև ինձ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։ Կարծում եմ, եթե Արդարադատության նախարարը թաքցնելու ոչինչ չունի և նրա բանակից ազատվելու հիմքերը իրական են, ապա ինքն առաջինը պետք է շահագրգռված լինի օգտվել իմ` մասնագետ-նեյրովիրաբույժի առաջարկից:
Ավաղ...
ԱԱԾ տնօրենի, Պաշտպանության նախարարի, Ռազմական Ոստիկանության պետի, կամ իրավասու այլ մարմնի փոխարեն, առաջակտուր լինելով, Ռուստամ Բադասյանի ենթական փորձում է հերքել մի բան, որը կարող են հերքել կամ հաստատել բացառապես բժիշկները:
Ես շարունակում եմ պնդել իմ նամակում բարձրացված պահանջը և սպասում եմ նամակիս իրական հասցեատերերի` ԱԱԾ տնօրենի, Պաշտպանության նախարարի և Ռազմական Ոստիկանության պետի պատասխանին:
Վաղը` հուլիսի 17-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբում մասնակցում եմ մամուլի ասուլիսի, որտեղ պատրաստ եմ պատասխանել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին»,-գրել է Խաչատրյանը։