16/07/2019 14:30
Պահանջված մասնագիտություններն են տեղեկատվական տեխնոլոգիաներ, դիզայն, համակարգչային գրաֆիկա. Պոլիտեխնիկի ռեկտոր
Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) գոհ են դիմորդների թվից և ընդունելության արդյունքներից։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորն Ոստանիկ Մարուխյանն ասաց, որ բավականին հաջող ընդունելություն են անցկացրել։
«Անվճար համակարգում որևէ թափուր տեղ չունենք։ 261 հոգի ընդունվել է անվճար համակարգում, վճարովին էլ ներառյալ՝ 988 դիմորդ ենք ընդունել բուհ։ Դեռ երրորդ փուլն էլ կա և գումարային 1000 տեղը կգերազանցենք», - ասաց ռեկտորը։
Մարուխյանի խոսքով՝ 2017 թվականի համեմատ դիմորդների թվի առաջընթաց կա՝ շուրջ 180։
«Պահանջված մասնագիտությունները նույնն են, ինչ՝ նախորդ տարիներին. տեղեկատվական տեխնոլոգիաներ, դրան հաջորդում են դիզայն, համակարգչային գրաֆիկա մասնագիտությունները, կիրառական մաթեմատիկան և ինֆորմատիկան նույնպես առաջատար դիրքերում են։ Հաջող է նաև էներգետիկ ոլորտի մասնագիտությունների ընդունելությունը։ Անհաջողություն ունենք արձանագրված քիմիական տեխնոլոգիաների մասնագիտության գծով։ Թեև պետպատվերում քիմիական տեխնոլոգիաներում թափուր տեղ չունենք», - ասաց Ոստանիկ Մարուխյանը։
Նա նշեց, որ ռեկտորատում, ընդունող հանձնաժողովի նիստում քննարկել են արդյունքները.
«Կարծում եմ՝ հաջող ենք կազմակերպել նախորդող ողջ գործառույթը։ Կիրառել ենք նաև դիմումների ընդունման ժամանակակից տեխնոլոգիաներ, դա էլ իր ազդեցությունը թողել է և մենք գոհ ենք»։