16/07/2019 14:36
Հաճախ դպրոցներում սեռական առողջություն դասընթացը դասավանդել են ռազմագիտության տղամարդ ուսուցիչները. Փոխնախարար
Հայաստանում, մասնավորապես մարզերում, աղջիկ երեխաների սեռադաստիարակության խնդիրը լուրջ է, այսօր կանանց հիմնախնդիրների վերաբերյալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մայիս-հունիս ամիսներին 56 հասարակական կազմակերպության մասնակցությամբ անցել է 1765 կմ, շրջել Հայաստանի տասը մարզում, հանդիպել 175 մարդու ու լսել նրանց տանջող խնդիրները, առանձնացրել դրանք ու այսօր փոխնախարարը ներկայացրեց դրանք քննարկման մասնակիցներին։
Դպրոցներում սեռական դաստիարակության շրջանակներում երեխաներին ծանոթացնում են սեռական առողջությանը, առողջ ապրելակերպին, անձնական հիգիենային և այլն։
«Ցավոք սրտի, մենք ունենք իրավիճակ, երբ այս դասերը սովորաբար չեն անցկացվում։ Ավելին, երբ մենք փորձեցինք խնդիրը խորը հասկանալ, պարզ դարձավ, որ շատ հաճախ այս թեմաները կարող են դասավանդվել ռազմագիտության ուսուցիչների կողմից, որոնք տղամարդ են, կամ ֆիզկուլտուրային ուսուցիչների կողմից՝ առողջ ապրելակերպի շրջանակներում», - հետազոտության արդյունքները ներկայացնելիս խնդիրը մատնանշեց փոխնախարարն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խիստ չափանիշներ սահմանել այդ առարկան դասավանդողի համար։
Նրա դիտարկմամբ, սեռական առողջությանը, սեռական դաստիարակությանը վերաբերող հարցերը նուրբ են, հասարակության կողմից ընդունված չեն, հետևաբար շատ կարևոր է խիստ չափորոշիչներ սահմանել, թե ով է այդ առարկան դասավանդելու դպրոցականներին։