16/07/2019 13:16
Համաշխարհային բանկի տրիբունալը պարտավորեցրել է Պակիստանին մոտ $6 մլրդ վճարել ավստրալական Tethyan Copper ընկերությանը հանքարդյունաբերական վեճի արդյունքում
Օրերս հրապարակված դատավճռով Համաշխարհային բանկի տրիբունալը որոշում է կայացրել պարտավորեցնել Պակիստանին շուրջ 6 մլրդ դոլար վճարել ավստրալական Tethyan Copper ընկերությանը շուրջ յոթ տարի տևած դատավեճի արդյունքում։ Ըստ գործի նյութերի, ավստրալական Tethyan Copper ընկերությանը տարիներով արգելքներ են ստեղծվել իրեն պատկանող պակիստանյան հանքարդյունաբերական ծրագրի տարածքում գործունեություն ծավալելու համար։
Դատավեճը առաջացել էր դեռ 2011 թվականին, երբ Պակիստանի Բելուջիստան նահանգի իշխանությունները մերժել էին ավստրալական Tethyan Copper ընկերության հայցը` ստանալու Իրանի ու Աֆղանստանի սահմանակից շրջանում գտնվող հանքավայրի շահագործման արտոնագիրը, թեև այդ նույն շրջանում աշխատանքներ ծավալելու արտոնագիր նույն ընկերությանը տրվել էր դեռ 2006 թվականին։
Ըստ Mining.com-ի հրապարակման, Պակիստանի իշխանությունների այս քայլն արվել էր, երբ ավստրալական ընկերության չինական մրցակիցները ներկայացրել են մեկ այլ ծրագիր, որով Բելուջիստան նահանգը Չինաստանի մետալուրգիական կորպորացիայի (Metallurgical Corporation of China) կողմից կարող էր ստանալ եկամտի ու ռոյալթիների մասնաբաժին։
Ինչևէ, Պակիստանի իշխանությունները պնդում են, որ իրենց որոշումը պայմանավորված է եղել անվտանգության նկատառումներով, ինչպես նաև տեղի բնակչության բողոքների խնդիրները հաշվի առնելով։
Ավստրալական Tethyan Copper ընկերությունը վեճը տարել էր Համաշխարհային բանկի արբիտրաժային մարմին (International Center for Settlement of Investment Disputes), պնդելով, որ նախնական ուսումնասիրությունների վրա արդեն իսկ ծախսել է շուրջ 500 մլն դոլար։ Համաձայն նախնական պայմանավորվածությունների, այս ընկերությունը ի սկզբանե պլանավորում էր մոտ 5 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր, որը Պակիստանի պատմության մեջ ամենախոշոր օտարերկրյա ներդրումը կարող էր դառնալ։
Հետաքրքրական է, որ Համաշխարհային բանկի արբիտրաժային մարմնի կողմից հօգուտ ավստրալական ընկերության որոշված գումարի չափը` մոտ 5.84 մլրդ դոլարը գրեթե համարժեք է մայիս ամսին Միջազգային արժութային հիմնադրամի կողմից Պակիստանին հատկացված տնտեսական ճգնաժամից դուրս գալու փաթեթի հետ։
Տրիբունալի կողմից որոշված գումարը ներառում է մոտ 4.09 մլրդ դոլար` ծրագրի շուկայական արժեքի համար այն պահի դրությամբ, երբ լիցենզիայի տրամադրումը մերժվել էր, գումարած 1.75 մլրդ իբրև տոկոսագումար։
Պակիստանյան Reko Diq հանքավայրից, մոտավոր հաշվարկներով, կարող է արդյունահանվել մոտ 200 000 տոննա պղինձ և 250 000 տոննա ոսկի տարեկան` 56 տարվա ընթացքում։