16/07/2019 13:27
Ավտոճանապարհներին անպատժելիություն է տիրում, դրա համար էլ վիճակն այսպիսին է. Լևոն Հարությունյան
Մեր գլոբալ խնդիրն այն է, որ ավտոճանապարհներին այսօր անպատժելիություն է տիրում, դրա համար էլ վիճակն այսպիսին է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մի՜ արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանը։
«Ճանապարհային ոստիկանությունը պետք է մոտիվացվի, որպեսզի ավելի լավ աշխատի։ Հիմա իրենց գումարը քչացել է, քանի որ համակարգային կոռուպցիա չկա։ Նրանք մնացել են աշխատավարձի և այն բենզինի հույսին, որ ստանում են պետությունից։ Իսկ ստանում են օրական 10 լիտր, ինչը շատ քիչ է։ Եթե ճանապարհային ոստիկանն օրինազանց վարորդի ցանկանա բռնել, կարող է ծախսել 6-7 լիտր բենզին, ինչից հետո ստիպված պետք է կանգնի», - ասաց բանախոսը։
Լևոն Հարությունյանը շեշտեց, որ իրենք առաջակում են վիճակագրություն վարել, թե որ փողոցում հատկապես ինչ խախտումների հետևանքով են մահացության դեպքեր գրանցվում։
«Մի՜ արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիրը միաժամանակ քիչ հավանական համարեց, որ Երևանում արագության սահմանափակման արդյունքում զոհերի թիվը կնվազի։