17/07/2019 09:27
Ռուդոլֆ Ղևոնդյանը կհուղարկավորվի Բելգիայում
ՀՀ Վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանին կհուղարկավորեն Բելգիայում, այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց դերասանի որդին՝ Գոռ Ղևոնդյանը:
«Հայրիկիս հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այստեղ՝ Բելգիայում: Հոգեհանգիստը կլինի տեղի հայկական եկեղեցում»,-նշեց մեր զրույցակիցը:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ կյանքի համար պայքարելուց հետո երեկ գիշեր՝ ժամը 23:50 րոպեին Բելգիայի հիվանդանոցներից մեկում մահացավ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը:
Դերասանն արդեն մի քանի ամիս էր՝ գտնվում էր Բելգիայում՝ որդու մոտ: Վերջին օրերին հայտնի դարձավ, որ նա ծանր հիվանդ է, հիվանդանոցում է՝ կոմայի մեջ:
Սիրված արտիստի մահվան մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է նաև որդին՝ Գոռ Ղևոնդյանը:
«Երեկ կեսգիշերին (23։50) երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀԱՅՐՍ։ Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստ, կինոյի և Սունդուկյանի պետական ակադեմիական թատրոնի դերասան, հայ ժողովրդի կողմից սիրված հայ որդի Ռուդոլֆ Ղևոնդյանը…
Մենք սիրում ենք քեզ, պապ»,-գրել է նա:
Ռուդոլֆ Ղևանդյանը 67 տարեկան էր, ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին՝ Կիսլավոդսկում: 1969-73 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում`Վարդան Աճեմյանի արվեստանոցում:
1973 թվականից աշխատում էր Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:
1990-ականներին որոշ ժամանակ բնակվել և աշխատել է Մոսկվայում: 2004 թվականին տեխափոխվել էր Բելգիա, որտեղ այժմ բնակվում է նրա որդին: Սակայն դերասանն ավելի շատ ժամանակ անցկացնում էր Երևանում:
Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ժ.Հարությունյանի՝ «Հարսնացուն հյուսիսից», «Խաչմերուկ», Վ.Շեքսպիրի՝ «Ջոն արքա», «Կորիոլան», Ն.Զարյանի՝ «Հացավան» (Վասակ), Մ.Գորկու՝ «Հատակում», Պ.Զեյթունցյանի՝ «Անավարտ մենախոսություն» (Աշխատակից) և այլն:
Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Կրակոց սահմանին» (1970թ.), «Նահապետ» (1977թ.), «Քարե հովիտ» (1977թ.), «Լիրիկական երթ» (1980թ.), «Դեռ ապրում ենք» (1986թ.), «Արյուն» (1990թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Չգրված օրենք» (2006թ.), «Սիրո աստղ» (2009թ.), «Սիրո գործակից» (2015թ.) և այլն:
2010թ-ից նկարահանվել է «Վերադարձ», «Եզրագծից այն կողմ», «Նռան հատիկ» և այլ հեռուստասերիալներում:
2017թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի և Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
Aysor.am-ը ցավակցում է Ռուդոլֆ Ղևոնդյանի ընտանիքի անդամներին, ընկերներին, գործընկերներին ու նրա արվեստի երկրպագուներին: