17/07/2019 17:10
Զինծառայող Յուրի Բրոյանի հարցը փորձում են լուծել. վաղը նրան կներկայացնեն Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին
Զինծառայող Յուրի Բրոյանի հարցը, կարծես, փորձում են լուծել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Մարդու իրավունքների պաշտպանն է փորձում աջակցել, Նաիրա Զոհրաբյանի հետ եմ խոսել, ասում էր, որ պետք է այցելեր», - նշեց նա։
Ժաննա Ալեքսանյանը պատմեց, որ Յուրի Բրոյանը, որն ազգությամբ եզդի է, բանակ է զորակոչվել թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ՝ անցած տարվա օգոստոսին։
«Ծառայություն անցնելուց տասն օր հետո նրան ծեծի է ենթարկել գումարտակի հրամանատարը, երեք օր Բրոյանին փակել են «կապտյորկայում», նա փորձել էր ինքնավնասում կատարել, հետո տեղափոխել էին Կանազի հոսպիտալ, ինչ-որ ներարկումներ էին արել և նա կորցրել էր խոսելու ունակությունը, ցնցումների մեջ էր հայտնվել», - ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Իրավապաշտպանն ընդգծեց՝ չի կարող պնդել, բայց Յուրի Բրոյանն ասում է, որ ներարկումներն իր վրա ազդել են։
«Ակնհայտ էր, որ նա ծառայել չէր կարող, հինգ ամիս խոսել չէր կարողանում, հիմնականում նրան պահել էին Ռազմական ոստիկանությունում», - նշեց նա։
Ժաննա Ալեքսանյանը ընդգծեց՝ ակնհայտ էր, որ զինծառայողը հիվանդ էր, բայց Պաշտպանության նախարարությունը գտել է, որ նա սիմուլյանտ է։
«Քրեական գործի շրջանակներում նշանակվեցին փորձաքննություններ, որոնք ժխտեցին սիմուլյանտությունը, երկու փորձաքննություն հաստատեց, որ նա սիմուլյանտ չէ», - ասաց նա։
Իրավապաշտպանը նշեց, որ զինծառայողին հետագայում տեղափոխել են Նուբարաշենի հիվանդանոց, սակայն, վերջինիս խոսքով, նորմալ բուժում չի էլ ստացել։
«Դուրս գրվելուց հետո նրան նորից տարել էին Ռազմական ոստկանություն, որն անօրինական է, իրավունք չունեին նրան այնտեղ պահելու, ուզում էին զորամաս տեղափոխել, բայց ինքը չի կարող զորամասում ծառայել, անընդհատ ցնցումների մեջ է», - ասաց նա։
Յուրի Բրոյանը երկու ամիս է, ինչ սկսել է խոսել, սակայն ցնցումները չեն անցել։
Զինծառայողի փաստաբան Հայարփի Սարգսյանն էլ Aysor.am-ին ասաց, թե որևէ հիմք չկա, որ զինծառայողը գտնվի Ռազմական ոստիկանությունում։
«Մենք չենք ասում, որ այնտեղ իրեն վատ վերաբերմունք են ցուցաբերում, բայց այն, որ ինքը բուժման կարիք ունի, ակնհայտ է ու, որ հիմա չի բուժվում, դա ինքնին վատ վերաբերմունք է պետության կողմից», - ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ այսօր Պաշտպանության նախարարությունից պատրաստակամություն են հայտնել, որ վաղը Բրոյանին ներկայացնեն Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին։
Հայարփի Սարգսյանը ընդգծեց՝ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե իր պաշտպանյալը չի ուզում վերադառնալ ծառայության։
«Նախ, ինքն ի վիճակի չէ վերադառնալ, իսկ ամիսներ առաջ նշում էր՝ բուժեք, տարեք, բայց քանի որ չեն կարողանում բուժել ու նշում են, որ ինքը չի բուժվում, ինչպե՞ս տանել։ Բժիշկների եզրակացությունն արդեն պատրաստ է, որ ինքը խնդիր ունի, մնում է հանձնաժողովի եզրակացությունը», - ասաց նա։
Հիշեցնենք՝ հուլիսի 15-ին ՀՀ Պն ռազմական ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ շարքային Բրոյանը դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ:
«Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս», - հայտնել էին ՊՆ ՌՈ-ից։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան էլ նշել էր, որ Յուրի Բրոյանի հարցով ՀՀ Պաշտպանության նախարարությունը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած։
Նա նաև հայտնել էր, որ Պաշտպանության նախարարությունը կառավարությանն առաջարկել է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար։