17/07/2019 13:24
Ազատությունից զրկված անձանց համար Պաշտպանի նախաձեռնությամբ «չաթ-բոտ» համակարգ է ստեղծվել Messenger հավելվածում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նախաձեռնությամբ մշակվել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում։ Այսօր Պաշտպանը հանրությանը ներկայացրեց նորույթը։
Ազատությունից զրկված անձը, նրանց հարազատներն, ազգականներն, ըստ Պաշտպանի, չեն տիրապետում իրենց իրավունքներին, պարտականություններին և այդ պատճառով էլ Պաշտպանի աշխատակազմը այս համակարգերի միջոցով փորձելու է իրազեկել հանրությանը։
«Պրակտիկան ցույց տվեց, որ հարցազրույցների, տպագիր նյութերի միջոցով իրազեկումը բավարար չէ և դրա համար էլ մենք մշակել ենք նոր համակարգ՝ Messenger հավելվածում։ Դա էլեկտրոնային զրուցակից կամ այլ կերպ ասած «չաթ-բոտ» համակարգն է, որի միջոցով հնարավոր կլինի ստանալ հարցերի պատասխաններ», - համակարգը ներկայացնելիս հայտարարեց Պաշտպանը։
Նրա խոսքով, ինքը պաշտոնապես դիմել է Ֆեյսբուք սոցիալական ցանցին և ստացել համաձայնություն՝ համակարգը բացելու համար։ Այն ներառում է շուրջ 300 հարց. դրանք տրվում են համակարգին, որն էլ ընտրում է հենց այն պատասխանը, որը հետաքրքրում է ազատազրկվածին։
Վերջինները համակարգը կարող են գտնել Messenger հավելվածում որոնման դաշտում գրելով «Ազատազրկվածի իրավախորհրդատու» բառակապակցությունը և հետևել հրահանգներին։