17/07/2019 12:43
Անհարգալից վերաբերմունք է խորհրդարանի հանդեպ. Առողջապահության ու շրջակա միջավայրի նախարարների բացակայությունը զայրացրեց Զոհրաբյանին
Սևանն այսօր հիվանդ է և սա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ, խորհրդարանում «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով ԲՀԿ հրավիրած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Բոլորս հասկանում ենք, որ Սևանը ազգային անվտանգության խնդիր է, բոլորս էլ ընդունում ենք, որ Սևանն այսօր հիվանդ է և սա մեկ-երկու տարվա անպատասխանատվության հետևանք չէ», - ասաց Զոհրաբյանը:
Նա նկատեց, որ այս խնդիրը բազմիցս բարձրացվել է բնապահպանների կողմից, բայց այդպես էլ արձագանք չի ստացվել: Զոհրաբյանը նշեց, որ որպես պատգամավոր՝ ինքը բազմիցս տեղեկացվել է, որ տարիներ շարունակ ստացվել են դրամաշնորհներ Սևանի ափամերձ հատվածների մաքրման համար, մինչդեռ դրանք ըստ նշանակության չեն օգտագործվել.
«Ես չեմ խախտի որևէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց իրավունք ունեմ ողջախոհ կասկածներ ունենալ, որ այդ գումարներն ուղղակիորեն անխղճորեն փոշիացվել են, ինչը հիմք եղավ, որ ԲՀԿ-ն հանդես գա նման նախաձեռնությամբ», - ասաց Զոհրաբյանը:
Պատգամավորը դժգոհություն հայտնեց առ այն, որ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարները չեն ներկայցել քննարկմանը՝ մինչդեռ նրանց հրավեր է ուղարկվել և, հաշվի առնելով, որ վերջիններս ոլորտի պատասխանատուներն են, նրանք պարտավոր էին ներկայանալ.
«Ցավում եմ, որ նախարարներն այստեղ չեն: Ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ և հենց այսօր գրավոր կդիմեմ վարչապետին՝ ստանալու պարզաբանումներ, թե ինչո՞ւ երկու նախարարները, որոնք շահագրգիռ տեսքով հայտարարություններ են տարածում, հարցազրույցներ են տալիս Սևանի հետ կապված, այսօր այստեղ չեն պատասխանելու մեր հարցերին», - ավելացրեց Զոհրաբյանը: