17/07/2019 11:34
Շատ մարզային դատարաններում կալանավորի համար խցեր չկան, իսկ եթե կան, ապա դրանցում լուսավորություն, ջուր չկա
Դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման վայրերի հետ կապված հայաստանում լուրջ խնդիր կա, այսօր փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցը ներկայացնելիս հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Դատարաններում ազատությունից զրկված անձանց խցերի հետ կապված մենք ունենք լուրջ խնդիրներ։ Սրանք վերաբերում են բոլոր այն դեպքերին, երբ դատարանի շենք են տեղափոխվում կալանավորված անձինք՝ դատարաններում գործողություններ իրականացնելու համար։ Խնդիրը նաև այն է, որ մենք ունենք դատարաններ, որտեղ այդ խցերը ընդհանրապես բացակայում են», - հայտարարեց Արման Թաթոյանը։
Մասնավորապես, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արթիկի և Աշոցքի նստավայրերում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի և Մարտունու նստավայրերում, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում խցեր չկան։
Պաշտպանի դիտարկմամբ նման խցերի բացակայությունը մարդու իրավունքների տեսանկյունից մեծ խնդիրներ է առաջացնում. «Խցերի բացակայության պատճառով նիստերը կազմակերպվում են այլ քաղաքներում, ինչը տեղափոխման հետ կապված բարդություններ է առաջացնում»։
Բացի դատարաններից, կալանավորին դատարան ուղեկցող մեքենայում ևս խնդիրներ կան, օրինակ, եթե կալանավորված անձը առողջական խնդիրներ ունի, ապա ուղեկցող մեքենան հարմարեցված չէ։
Իսկ եթե դատարաններում կան խցեր, ապա դրանց մեծ մասում, պաշտպանի խոսքով, չկա պատշաճ լուսավորություն, խմելու ջրի բացակայությունն է խնդիր, և ազատությունից զրկված անձինք խմելու ջրի հասանելիություն չունեն, քանի որ ծորակները չեն աշխատում։
«Սա կարևորագույն հարց է, քանի որ հնարավոր է դեպք, երբ մարդը ողջ օրը անցկացնի ճանապարհին, դատարանի շենքում», - ասաց Թաթոյանը։