17/07/2019 12:48
Չի կարող Ռուստամ Բադասյանի ներկայացրած հիվանդությունն ունեցող մարդն այդպիսի ուղիղ կեցվածք ունենալ. Մարինա Խաչատրյանը պնդում է՝ պետք է մասնագիտական հանձնաժողով ստեղծել
Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ հանրություն« ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ նամակներ է ուղարկել ՀՀ ՊՆ նախարարին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ ՌՈ պետին` ներկայացնելով բժշկական տեսանկյունից հիմնավոր կասկածներ, որ ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ առկա է 30 աստիճանի սկոլիոզ:
Մարինա Խաչատրյանը պահանջել է ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում, որպես մասնագետ` բժիշկ-նեյրովիրաբույժ, ընդգրկել նաև իրեն:
Մարինա Խաչատրյանը պահանջել է նաև հանձնաժողովի անդամներին հանձնարարել ուսումնասիրել Ռուստամ Բադասյանի առողջական վիճակը, առկա բոլոր փաստաթղթերը, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը։
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունն, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ այսպիսով կասկածի տակ դնելով 2011 թվականին Ռուստամ Բադասյանի առողջական վիճակի վերաբերյալ Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքը։
«Ես նամակ եմ հղել ՊՆ-ին, ԱԱԾ-ին, ՌՈ-ին: Նամակ չեմ հղել Ռուստամ Բադասյանին կամ իր քարտուղարուհուն, հետևաբար, ես ակնկալում եմ պատասախան այն կառույցներից, ում հղել եմ նամակ: Սպասում եմ նաև, որ ինձ կընդգրկեն այդ մասնագիտական հանձնաժողովում», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Մարինա Խաչատրյանը:
Խաչատրյանը պնդում է՝ չի կարող Բադասյանի ներկայացրած հիվանդությունն ունեցող մարդն այդպիսի ուղիղ կեցվածք ունենալ:
«Նախարարությունից որքան ուզում են թող հերքեն, սակայն դա իմ նամակ-դիմումի պատասխանը չէ: Իր հայրը նախորդ իշխանությունների օրոք եղել է բարձր պաշտոնում, և դա նշանակում է, թե ինչ մեթոդներով է նա ազատվել զինվորական ծառայությունից», - հայտարարեց Մարինա Խաչատրյանը: