17/07/2019 13:04
«Սասնա ծռերը» հույս ունեն, որ ՊՊԾ գնդի գրավման և ոստիկանների զոհվելու օրը պաշտոնապես դառնալու է ազգային տոն
«Սասնա ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր ներկայացրել է կուսակցության քարտուղարության հայտարարությունը, նշելով, որ «հուլիսյան ապստամբությամբ» իրենք «աղետ են կանխել»:
«Պահանջում ենք՝ դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը և ազատել ռազմագերիներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այս ամենից անկախ, կյանքի բնականոն ընթացքը, չնայած ներկայիս հետընթացին ու ճահճացմանը, անկասելի է։ Թեկուզ որոշ ուշացումով մեր երկրում հաստատվելու է արդարությունը, ոճրագործները կանգնելու են հայկական Նյուրինբերգի առաջ, իսկ հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը Երևանում գրավեց ոստիկանական գունդ, ինչի հետևանքով եղան մարդկային կորուստներ՝ սպանվեցին ոստիկաններ:
Զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: