18/07/2019 15:55
Մինչև իրիկուն իմ երեխեն իմ կողքը չեղավ` մարդասպանություն կլինի, ինքն էս ցույցին չի մասնակցել. Իջևանի մարզպետարանի շրջակայքից բերման ենթարկվածի մայր
Մինչև երեկո երեխուս այստեղ չբերեցին՝ մարդասպանություն է լինելու, Իջևանի մարզպետարանի մոտ հայտարարեց քիչ առաջ մարզպետարանի տարածքից բերման ենթարկված 30-ամյա Գարիկ Մելիքսեթյանի մայրը:
Կինը պնդեց, որ երեկ որդին ցույցերին չի մասնակցել, քանի որ երեկ որդու հետ Հոկտեմբերյանում է եղել, վերադարձել են առավոտյան և որդին որոշել է շրջել մարզպետարանի տարածքով՝ տեսնելու, թե ինչ է կատարվել, մինչդեռ արդյունքում բերման է ենթարկվել:
«Քիչ առաջ երեխուս բռնել են ու անտեղի տեղը տարել: Առավոտյան ասեց՝ «գնամ տենամ՝ ինչա եղել», զանգեցին ասեցին՝ «երեխուդ տարել են»: Անմեղ տեղը երեխա են տանում: Հիմա կամ ես ինձ եմ սպանելու կամ տանողներին: Մինչև իրիկուն իմ երեխեն իմ կողքը չեղավ՝ մարդասպանություն կլինի, իմ երեխեն էս ցույցին չի մասնակցել», - նշեց կինը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ երեկ ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են ազատել ճանապարհը:
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ Իջևանի քաղաքացիները հարվածել են ոստիկաններին մակահներով ու քարերով, բախումները եղել են միակողմանի:
ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ, իսկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: