18/07/2019 16:35
Ներխուժեցին տուն, ասեցին՝ «շորերդ հագի, գնում ենք». Իջևանի երեկվա դեպքերից տուժած քաղաքացի
Իջևանում երեկվա բողոքի ակցիաների պատճառով տուժած քաղաքացիներից մեկը պնդում է, որ երեկոյան ոստիկանները ներխուժել են իր տուն ու ծեծել.
«Եկան, դուռը դմփացնում էին, բացեցի, ներխուժեցին բա «շորերդ հագի, գնում ենք», ասեցի՝ «որտե՞ղ, ընգեր ջան», էն մեկն ասաց՝ «չի ուզում գա, բռնի ուժով տար», - լրագրողներին պատմեց քաղաքացին:
Նա նշեց, որ բերման չի ենթարկվել, փոխարենը ոստիկանները ծեծել են իրեն: Քաղաքացին ցուցադրեց մարմնի տարբեր հատվածում ունեցած վնասվածքները՝ պնդելով, որ ունի վնասվածքներ գլխի, ոտքի, աչքի, թևի ու թիակների հատվածում:
Քաղաքացին ասաց, որ երեկոյան լսել է՝ ինչպես են բերետավորները և Երևանի ոստիկանության բաժնից ժամանած աշխատակիցները որոշել ժողովրդի վրա հարձակվել.
«Որոշում էին, որ արդեն ժողովրդին վրա տան: Լույսերն անջատած էր, անցավ ընդամենը կես ժամ, ստայանկից եկան, որ ժողովրդին փակեն, սկսեցին ժողովրդին ջարդել, ժողովուրդն էլ իրանց են ջարդել, փախել են», - պատմեց քաղաքացին:
Դիտարկմանը, թե կան պնդումներ, որ բախումները սկսվել են ժողովրդից՝ քաղաքացին հակադարձեց.
«Կռվի կեսը խի՞ չեն նկարել: Ընդամենը 20 տոկոսն ա նկարած, որը իրանց ձեռ ա տված, էդ են նկարել»:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ երեկ ուշ երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են ազատել ճանապարհը:
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ Իջևանի քաղաքացիները հարվածել են ոստիկաններին մակահներով ու քարերով, բախումները եղել են միակողմանի:
ՀՀ քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել էին, որ Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է 13 անձ, իսկ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել Իջևան քաղաքում Ոստիկանության ծառայողների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: